Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած հռչակագրում Թեհրանի մտահոգությունները հաշվի են առնվել։
«Այնպես չէ, ինչպես լուրերում ուռճացնում են։ Այս ուղու հետ կապված Իսլամական Հանրապետության պահանջները հաշվի են առնվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի նախագահը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ հռչակագրի երրորդ կետին, որը վերաբերում է «Թրամփի ուղի» նախագծին։
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ԱՄՆ ներկայությունը մտահոգություն չի՞ առաջացնում ՝ Փեզեշքիանն ասել է․
«Հարցերից մեկը դա է։ Բայց տարածքային ամբողջականության հարցը, դեպի Եվրոպա կամ հյուսիս մեր ճանապարհի չփակվելու հարցերը հաշվի են առնվել։ Միակ մտահոգությունն այն է, որ ամերիկյան ու հայկական ընկերություն են այդ ճանապարհը կառուցելու»։