Հետևեք մեզ։

Դատարանն ակնհայտորեն գտնվում էր Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ․ Գայանե Մարտիրոսյանի պաշտպան

12:00, 06 հունիս 2023
Դատարանն ակնհայտորեն գտնվում էր Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ․ Գայանե Մարտիրոսյանի պաշտպան

Երեկ տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոս ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի կողմից Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանին ենթադրաբար առևանգելու գործով նախնական դատալսումների առաջին փուլը։ Հիշեցնենք, որ Գայանե Մարտիրոսյանը գտնվում էր մեկամսյա կալանքի մեջ, և երեկ առավոտյան ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում էր կայացրել փոխել Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը և տնային կալանք սահմանել։ Բայց երեկ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը, փաստաբանների համար անհասկանալի և, ըստ իրենց, ապօրինի հանգամանքներում որոշեց նորից քննել Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցն ու նրա նկատմամբ 1 ամիս 15 օր ժամկետով կալանավորելու որոշում կայացրեց։

 

Գայանե Մարտիրոսյանի փաստաբաններից Հովսեփ Սարգսյանը Hayastan.news-ի հետ զրույցում մեկնաբանելով դատավորի որոշումն ու այն հարցը, թե արդյոք դատավորն իրավասություն ուներ նորից անդրադառնալու Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցին, ասաց «Առաջին ատյանի դատարանը Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխեց ավելի ծանր խափանման միջոցով, ինչի իրավունքը չուներ, որովհետև Քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածն ուղիղ ասում է, որ եթե անձը ազատվել է կալանքից, ապա նույն մեղադրանքով չի կարող կրկին կալանավորվել, եթե ի հայտ չեն եկել նոր հանգամանքներ։ Իսկ այդպիսի հանգամանքներ ի հայտ չէին եկել։

 

Այսինքն՝ դատարանը պարզապես անցավ Քրեական դատավարության օրենսգրքի 120, 121 հոդվածների պահանջների վրայով։ Երկրորդ հերթին, դուրս եկավ իր լիազորությունների սահմաններից՝ թույլ տալով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի խախտում, այսինքն՝ լիազորված է դատարանը կատարել այնպիսի լիազորություններ, որոնցով ինքն օժտված է։ Իսկ դատարանը նման լիազորություն չուներ։ Դատարանն ուղղակի ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացրեց, որով խախտվեց նաև Գայանե Մարտիրոսյանի՝ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ազատության իրավունքը»։

 

Փաստաբանի խոսքով՝ դատարանի կայացրած ակտը ընկալելի չէր ո՛չ իր համար, ո՛չ լրագրողների և որևէ այլ անձի համար։

 

«Այսինքն՝ դատարանն ակնհայտորեն գտնվում էր Նիկոլ Փաշինայնի ոտքերի տակ, դրամադրության տակ։ Նիկոլ Փաշինյանն այս դեպքի վերաբերյալ դեպքից երկու-երեք օր հետո մամուլի ասուլիս էր տվել և այդ ասուլիսում, ըստ էության, կանխորոշել էր դատարանի հետագա վարքագիծը։ Այդ վարքագիծը առավել կոնկրետացրեց Աշոտ Փաշինյանը, որը հայտարարեց, որ իրեն չի բավարարում Վերաքննիչ դատարանի որոշումը, իսկ մենք կարծում էինք, որ դատարան, այնուամենայնիվ, կգտնվեր իր բարձրության վրա, բայց չգտնվեց իր բարձրության վրա»,-ասաց Հովսեփ Սարգսյանը։

 

Մեր հարցին՝ ո՞րն է լինելու իրենց հաջորդ քայլը, արդյո՞ք բողոքարկելու են դատարանի որոշումը վերադաս ատյանում, Սարգսյանն ասաց՝ այո, բողոքարկելու են։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ