Կրակոցների ինտենսիվությունը նվազել է, սահմանամերձ շրջանների բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում, ապրում են իրենց բնականոն կյանքով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Սոթքի հանքավայրի մասին խոսելիս՝ մարզպետը նշեց, որ Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքները առաջիկա ամիսներին պետք է դադարեցվեին, բայց վերջերս անվտանգային խնդիրներից ելնեով դադարեցվել են, իսկ քարհանքում աշխատանքները շաչունակվում են, հանքավայրը մասնակի աշխատում է։
Անդրադառնալով վերջրերս գրանցված սահմանային կրակոցներին՝ մարզպետը նշեց․ «Որպես այդպիսին՝ բնակավայրի ուղիղ թիրախավորում չի արձանագրվել, ի ուրախություն բոլորիս՝ ԶՈՒ-ն կարողացել է պատշաճ պատասխան տալ։ Գեղարքունիքի մարզում առաջիկայում բնակավայրերում կստեղծվեն այնպիսի միջավայրեր, որտեղ կկարողանան ինքնապաշտպանություն իրականացնել»։
Խոսելով բնակչության տրամադրվածության մասին՝ նա նշեց, որ սահմանից դեպի մեր կողմ ունենք ոչ բարեկամ հարևան, որը կանգնած է դիրքերում, այդ ամենը հաշվի առնում են, բայց մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով։
Դիտարկմանը, որ ադրբեջանցիները ներխուժել են Գեղարքունիքի և Սյունիքի մարզեր, սահմանամերձ հատվածներում ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, և հարցին՝ կհեռանան այնտեղից խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, մարզպետը նշեց․ «Ես վստահ եմ, որ մի օր իրենք հետ են գնալու։ Չեմ կարող ասել՝ երբ է լինելու այդ օրը, բայց Հայաստանն իր սահմաններով լինելու է անառիկ»։