Հետևեք մեզ։

Ինչպես ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնը ունենք նաև Տավուշի մարզում, ՀՀ տարբեր հատվածներում․ Տավուշի մարզպետ

13:09, 06 հունիս 2023
Ինչպես ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնը ունենք նաև Տավուշի մարզում, ՀՀ տարբեր հատվածներում․ Տավուշի մարզպետ

 

Տավուշի մարզում վերջին ժամանակահատվածում ոչինչ տեղի չի ունեցել։ Այսինքն՝ սահմանների փոփոխություն, որևէ բան տեղի չի ունեցել, մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Տավուշի մարզի անկլավները Ադրբեջանին տալու թեմային՝ Ղալումյանն ասաց, թե այդ հարցի մասին բազմիցս խոսվել է իրենց քաղաքական թիմի կողմից, իրենք գիտեն, դա գաղտնիք չէ, ամեն ինչ թափանցիկ է, բայց կոնկրետ այդ մասով այս պահին բանակցություններում ոչինչ տեղի չի ունենում, երբ լինեն՝ հանրությանը տեղյակ կպահվի։

 

«Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնը ունենք նաև և՛ Տավուշի մարզում, և՛ ՀՀ տարբեր հատվածներում։ Եւ այդ հարցը լուծվելու է սահմանազատման, սահմանագծման ընթացքում։ Ես գյուղերի անուն չեմ կարող տալ, այս պահին ավելացնելու բան չունեմ»,-ասաց մարզպետ Ղալումյանը՝ նշելով, որ եթե խոսքը վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա մնացած բոլոր հարցերը լուծելի են։

 

Նրա խոսքով՝ ինչպիսի խնդիրներ ունենք մենք, նույնը ունեն ադրբեջանցիները, բայց այս պահին դեռ ոչինչ որոշված չէ։