Զոհված զինծառայողների 133 ծնողի պետության կողմից տրամադրվել է աջակցություն՝ դոնորի և փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար․ այս նպատակով պետբյուջեից վճարվել է շուրջ98 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ծնվել է 5 երեխա, իսկ փոխնակ մայրերից 7-ը հղի է։
Աջակցություն ստացած 133 ծնողներից՝
փոխնակ մոր ծառայությունից օգտվել է 12 ծնող, տրամադրվել է ընդհանուր շուրջ 28 մլն դրամ,
դոնորական ձվաբջջի ձեռքբերումից օգտվել է 121 ծնող, տրամադրվել է ընդհանուր շուրջ 70 մլնդրամ։
Հիշեցնենք, որ ծրագրի շահառուները ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն են։ Փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։
Աջակցության առավելագույն չափը կազմում է՝
փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը,
դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:
Դիմումներն ընդունվում են առձեռն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունումկամ առցանց եղանակով՝ e-request.am կամ www.mlsa.am կայքէջերի միջոցով։