Հետևեք մեզ։

Այժմ տեղի ունեցող իրադարձությունները Արցախի նախագահի կողմից իր իսկ հայտարարած կարմիր գծի՝ ՀՀ-ի հետ  անխափան կապի ապահովման խախտում է. հայտարարություն

16:14, 06 հունիս 2023
Այժմ տեղի ունեցող իրադարձությունները Արցախի նախագահի կողմից իր իսկ հայտարարած կարմիր գծի՝ ՀՀ-ի հետ  անխափան կապի ապահովման խախտում է. հայտարարություն

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»

հանրային շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Օրեր առաջ Ալիևի հնչեցրած՝  Արցախի Հանրապետության պետական համակարգը լուծարելու մասին ագրեսիվ սպառնալիքները կրկին հաստատում են, որ նա շարունակում է Արցախն Ադրբեջանին բռնակցելու կամ օկուպացնելու  իր հանցավոր ծրագիրը և ամեն ինչ անում է Արցախի էթնիկ զտման քաղաքականությունն իրականություն դարձնելու համար:

 

Ամիսներ շարունակ գտնվելով տոտալ շրջափակման մեջ՝ Արցախը հայկական պահելու, նրա ամբողջականությունն ու սուբյեկտայնությունն ապահովելու անկասելի պայքարի ընթացքում մենքհստակ նախանշել ենք մեր կարմիր գծերը, որոնց անվերապահ պահպանումն ապահովելու է հայկական Արցախի գոյությունը: Հատկանշական է, որ այդ մասին տարբեր ձևաչափերով հայտարարել է նաև Արցախի Հանրապետության նախագահը՝ վստահեցնելով, որ չենք շեղվելու մեր պայքարի որոշումից և հավատարիմ  ենք մնալու հայտարարված կարմիր գծերի պահպանմանըբ. շրջափակումը պետք է վերացվի, և Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության», նախագահ Հարությունյանի ելույթից, 23.02.2023թ):

 

Սակայն  հակառակ այս ամենի, տեղեկացանք, որ հունիսի 4-ից սկսած՝ Արցախի իշխանությունների կազմակերպմամբ ու ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ և ուղեկցությամբ, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն քաղաքացիներ են տեղափոխվում՝ անցնելով «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով:

 

Ելնելով այս իրողություններից՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը անթույլատրելի է համարում որևէ կարմիր գծի խախտում: Ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները  Շարժումը համարում է Արցախի Հանրապետության նախագահի կողմից իրիսկ հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ  անխափան և առանց սահմանափակումների կապի ապահովման խախտում:

 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Արցախի անվտանգության և զարգացման ճակատը, իր հազարավոր համակիրների անունից, Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում է՝

 

-անհապաղ վերանայել «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով մեր քաղաքացիների երթևեկի վերաբերյալ որոշումը:

 

- զերծ մնալ առանց հանրային քննարկումների, առանց այդ որոշումներից բխող վտանգների ուսումնասիրման ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ ընդունելու արատավոր երևույթից:

 

Անընդունելի համարելով այս իրողությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արցախի հանրային շրջանակներում առկա բազմաթիվ հարցերն այս իրադարձությունների վերաբերյալ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդն առաջիկայում հանդիպում  է ունենալու  Արցախի Հանրապետության նախագահի հետ՝ իրավիճակի վերաբերյալ բացատրություններ ստանալու նպատակով»։