Վոլոդիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես ավարտել պատերազմը, հայտարարել է Դոնալդ Թրամփը: Դրա համար, ԱՄՆ նախագահի կարծիքով, Ուկրաինան պետք է հրաժարվի Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցելու հավակնություններից։ Հակառակ դեպքում, ըստ Թրամփի, Կիևը պետք է շարունակի պայքարը:
«Հիշեք, թե ինչպես դա սկսվեց։ Ղրիմը, որը հանձնել Է Օբաման, չի վերադարձվի (12 տարի առաջ առանց մեկ կրակոցի), և Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ երբեք չեն փոխվում»,- գրել է ԱՄՆ նախագահն իր Truth Social սոցցանցում։
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram ալիքում գրել է, որ արդեն ժամանել է Վաշինգտոն։ Նրա խոսքով՝ Կիևը ձգտում է երկարատև և իրական խաղաղության։
Ինչպես հայտնել է Սպիտակ տունը, Թրամփի և Զելենսկու երկկողմ հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում օգոստոսի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 13:15-ին: Ժամը 15:00-ին նախատեսված է Թրամփի հանդիպումը եվրոպացի առաջնորդների հետ: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնում բանակցությունների կենտրոնական թեմաներից մեկը կլինի Կիևի անվտանգության երաշխիքները: