Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով կալանավորված մայոր, զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ Մառլեն Սարգսյանի մայրը վստահ է՝ որդին անմեղ է եւ անհիմն է արդեն չորս ամիս անցկացնում անազատության մեջ։
«Ինքը չի արել որեւէ սխալ, որը հանգեցրել է այս ողբերգությանը։ Գործով ցուցմունքներն իրար հակասում են, չկա որեւէ փաստ, որը կապացուցի տղայիս մեղավորությունը։ Ես էլ եմ կարծում, որ զոհված զինծառայողներին ի վիճակի չեն եղել փրկվել այրվող կացարանից, բայց դրանում իմ տղայի մեղավորություն չի եղել՝ վստահ եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ծաղիկ Սարգսյանը։
42-ամյա Մառլեն Սարգսյանը սպայական ծառայության անցել է 2003 թվականին։ Երկար տարիներ ծառայել է Արցախում, ապա տեղափոխվել Հայաստան։ Վարդենիս տեղափոխվել էր 2022 թվականի մայիսին՝ հրդեհից ավելի քանի կես տարի առաջ։
«Տղաս կացարանից հեռու էր ապրում՝ վարձակալած բնակարանում։ Գալիս էր մայրաքաղաք, ստանում զորամասի համար անհրաժեշտ իրերն ու տանում։ Ես չեմ կարող ասել՝ տղաներն իրար մեջ ինչ հարաբերություններ են ունեցել, որովհետեւ որդիս իրենց հետ շատ շփում չի ունեցել։ Իր վարձակալած բնակարանը հեռու էր կացարանից, հաճախակի չէր գնում, դեպքից հետո էլ երբ գնացել է կացարան, տղաների մարմիններն արդեն տեղափոխել էին»,- պատմես Սարգսյանի մայրը։
Տիկին Ծաղիկը մի քանի անգամ տեսակցել է կալանավորված որդուն։ «Տղաս կացարանից ոչինչ չի պատմել, միայն ասել է՝ ես մեղավոր չեմ»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող: 7 զինծառայող վիրավորվել էր:
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։