Կիևն անվտանգության ինչ-որ ձև կստանա ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման արդյունքում, որը չի նախատեսում ՆԱՏՕ-ին անդամակցություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում։
«Կլինի անվտանգության ինչ-որ ձև։ Բայց դա ՆԱՏՕ-ն չի կարող լինել, դա չի լինի», - ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև ակնկալում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը հնարավոր կլինի հասնել հակամարտության կարգավորման։
«Մենք աշխատում ենք Զելենսկու հետ Պուտինի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Եթե այն հաջող անցնի, ապա կարող ենք եռակողմ հանդիպում անցկացնել և արդեն այնտեղ լուծել հարցը», - ասել է նա Fox News-ին։
ԱՄՆ նախագահը հարցազրույցի ժամանակ հավելել է, որ հույսը դրել է Զելենսկու ճկունության և Պուտինի լավ գործողությունների վրա։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես են օգոստոսի 18-ին իր հետ կայացած հանդիպմանը եվրոպական երկրների առաջնորդներն արձագանքել հակամարտության ուկրաինական կարգավորման համար «տարածքների փոխանակման» գաղափարին, ԱՄՆ-ի նախագահն ասել է. «Նրանք ամեն բան հասկանում են»։