Հետևեք մեզ։

Լավրովն ու Արաղչին հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

13:28, 23 օգոստոս 2025
Լավրովն ու Արաղչին հեռախոսով քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագրին և Թեհրանի ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությանն առնչվող հարցեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները։

Գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարն ու նրա ռուս գործընկերը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են, որ եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, իրավունք չունեն փորձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համոզել վերականգնել Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները։ 

Նշվում է, որ երկու բարձրաստիճան դիվանագետներն անդրադարձել են եռյակի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից արգելքները վերականգնելու աճող ջանքերին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի ժամկետի լրանալու նախօրեին։ 

Գործակալությունը հիշեցրել է, որ այդ բանաձևն ընդունվել է Իսլամական Հանրապետության և աշխարհի երկրների, այդ թվում՝ երեք եվրոպական կողմերի միջև 2015 թվականին միջուկային համաձայնագրի կնքումից հետո, որը հաստատել է համաձայնագիրը և վերացրել պատժամիջոցները։ 

Զրույցի ընթացքում կողմերը նաև գնահատել են միջուկային բանակցությունների հեռանկարները, պայմանավորվել շարունակել խորհրդակցությունները տարբեր հարթակներում։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան նամակ են ուղարկել ՄԱԿ-ին՝ նշելով, որ պատրաստ են երկարաձգել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը չհամաձայնի միջուկային համաձայնագրին մինչև օգոստոսի վերջը: Միաժամանակ, Իրանի կողմից իրանական միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համաձայնության դիմաց առաջարկվել է երկարաձգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի մի շարք դրույթների կիրառումը, որը հաստատել էր 2015 թվականի իրանական միջուկային համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է 2025 թվականի հոկտեմբերի 18-ին:

 

 

Վերլուծական