2018 թվականին Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակվեց Արթուր Մեսչյանը, որը ճարտարապետ լինելուց զատ՝ նաև երգիչ ու երգահան է։ 2020 թվականի օգոստոսին, սակայն, նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Առանց այդ էլ սակավախոս և հարցազրույցներ չտվող Մեսչյանը պաշտոնից ազատվելուց հետո ավելի պասիվացավ։
Hayastan.news-ն այսօր փորձեց մի քանի հարց ուղղել Արթուր Մեսչյանին․
-Պարոն Մեսչյան, ի՞նչ եք անում, ինչո՞վ եք զբաղված, արդյոք հետաքրքրվա՞ծ եք քաղաքային ու քաղաքական հարցերով։
-Իմ գործով եմ զբաղված, ես ճարտարապետ եմ, չէ՞։
-Իսկ քաղաքային խնդիրներով կամ քաղաքական հարցերով, երկրի հարցերով հետաքրքրվա՞ծ եք։
-Հետաքրքրված եմ, բայց, ներեցեք, լրագրողների հետ կիսվելու խնդիր չունեմ հիմա։
-Լրագրողների միջոցով նաև հանրության հետ եք կիսվում։ Դուք հեղափոխական թիմի հետ եկած ճարտարապետ էիք, դրանից հետո հեռացաք ու․․․
-Հեղափոխական թիմո՞վ, էդ ո՞ր հեղափոխական թիմն է։
-Դե, 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը նկատի ունեմ։
-Բայց իմ աշխատանքը՝ որպես ճարտարապետ, ի՞նչ կապ ուներ հեղափոխության հետ։ Դու չգիտե՞ս, որ անկախ նրանից՝ ինչ է աշխարհում կատարվում, բժիշկներն ու ճարտարապետները պիտի իրենց գործն անեն, անկախ նրանից՝ ով է վարչապետը, ինչ կուսակցություններ կան։
-Բայց Դուք ոչ միայն ճարտարապետ եք, այլ նաև մտավորական եք, երգիչ, երգահան։
-Ես մտավորական չեմ, ես ինժեներ եմ, մտավորականը լրիվ ուրիշ կինո է։
-Հիմա քաղաքում բուռն շինարարություն է ընթանում, ու թեև ասում են՝ դա լավ է, տնտեսությունը եռում է, բայց նաև բազմաթիվ խնդիրներ են մատնանշում այդ մասով։ Ի՞նչ կասեք Դուք։
-Ոչ մի խնդիր էլ չկա, էսօրվա շինարարությունը շատ լավ որակի է արվում։
-Իսկ Արցախի մասով ի՞նչ կասեք, որքանո՞վ է Ձեզ մտահոգում Արցախի ճակատագիրը։
-Արցախի մասին ընդհանրապես ոչինչ չեմ ասի, այն, ինչ պիտի ես ասեի, ասել, վերջացրել եմ։ Էս 20 տարի է՝ ասում էի, որ լսող չկա, ես մեղավո՞ր եմ։
-Ի՞նչ էիք ասում, ո՞ր մեկը չեն լսել։
-Ամեն ինչն եմ ասել, մի բան էլ՝ ավելի։ Այսքանը, Ձեզ լավ տրամադրություն եմ մաղթում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։