Լոռու մարզի Դեբեդ գյուղում երեկ՝ հունիսի 6-ին, 11-ամյա աղջնակը գյուղապետարանի մոտ գտնվող խաղահրապարակում դիպել է տեղադրված լուսավորող էլեկտրասյան միջից դուրս եկած հոսանքալարին եւ մահացել:
NEWS.am-ի հետ զրույցում Դեբեդի վարչական ղեկավար Անուշ Սարգսյանը պատմեց, որ խաղահրապարակում տեղադրված էլեկտրասյունը շրջանաձեւ է, երեխան մտել է նստարանի տակ, որտեղից լուսավորության հոսանքալարի աղբյուրն է եղել, բացել է ժապավենը եւ հոսանքահարվել.
«Սակայն այս պահին դեռեւս քննչական գործողություններ են տարվում, ինֆորմացիան դեռեւս ճշտվում է: Շրջանաձեւ կոնստրուկցիա է, եւ վրան էլ շրջանակ, դրանից հետո լուսավորության այդ համակարգն է: Բոլորը հողի տակից է սնուցվում, որտեղից էլ խողովակով բարձրանում է: Թե ինչպես են բացել երեխաները, ես չեմ կարող ասել, առայժմ անհայտ է»։
Անուշ Սարգսյանը նշեց, որ դեպքին ականատես են եղել նաեւ այլ երեխաներ:
Նա ասաց, որ աղջկա ընտանիքում 8 երեխա էին, նրանք Արցախից տեղահանված էին: