ԵԱՀԿ-ն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ՝ ուղղված Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մենք համոզված ենք, որ առաջընթացի միակ ճանապարհը խաղաղությունն է, երկխոսությունը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի հիման վրա։ Մենք բարձր ենք գնահատում այն քրտնաջան աշխատանքը, որը տարվում է երկու երկրների կողմից՝ տասնամյակների հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, խոստանում ենք մեր շարունակական աջակցությունն այդ ջանքերին:
Պետքարտուղար Բլինքենի մեջբերմամբ՝ «Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է ձեռք բերել»։ Մենք իսկապես հավատում ենք դրան: ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին, տևական և կայուն խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը, հարաբերությունների կարգավորմանը, սահմանների սահմանազատմանը, տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացմանը: Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բոլոր մարդկանց իրավունքների և անվտանգության ապահովման համար ծանր աշխատանք կատարելը մեծ դիվիդենտներ կբերի Ադրբեջանին և Հայաստանին։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ սադրիչ, սպառնալից կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից։
Որպես անվտանգության բարելավման ելակետ՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումն ապահովելու, ինչպես նաև ապրանքների և մարդկանց ազատ հոսքն ու տեղաշարժն ապահովելու համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։ Այս առումով ես կոչ եմ անում Ադրբեջանին հավատարիմ մնալ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի հրամանի տառին և ոգուն։
Պարոն նախարար, Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ, բազմակողմ, ինչպես նաև գործընկերների միջոցով, ինչպիսիք են Եվրամիությունը և միջազգային կազմակերպությունները՝ օգնելու հասնել կայուն և արժանապատիվ խաղաղության»: