Հետևեք մեզ։

Ինձ հաջողություն մաղթեք. Շուշանիկ Ներսիսյանն` իր նոր աշխատանքի, կոկաինի հայտնաբերման և ՊԵԿ-ի աշխատանքի մասին

19:04, 07 հունիս 2023
Ինձ հաջողություն մաղթեք. Շուշանիկ Ներսիսյանն` իր նոր աշխատանքի, կոկաինի հայտնաբերման և ՊԵԿ-ի  աշխատանքի մասին

Ուղիղ մեկ տարի առաջ ՊԵԿ նախագահի՝ մաքսային ոլորտը ղեկավարող տեղակալի պաշտոնից ազատված Շուշանիկ Ներսիսյանը ազատվելուց որոշ ժամանակ անց մեկնեց ԱՄՆ։ Մոտ վեց ամիս այնտեղ մնալուց հետո Ներսիսյանը նորից վերադարձել է Հայաստան։ 

 

Hayastan.news-ը մի քանի հարց է ուղղել նրան՝ կապված իր գործունեության, նախկինում իր ղեկավարած ոլորտի, նաև վերջերս ԱԱԾ-ի կողմից մոտ մեկ տոննա կոկաինի հայտնաբերման դեպքի հետ։

 

-Տիկին Ներսիսյան, ձեր ղեկավարման շրջանում այդպիսի խոշոր մասշտաբի թմրանյութի հայտնաբերման դեպք եղե՞լ էր, և ի՞նչ կասեք վերջին դեպքի մասին։

 

-Իրականում չեմ ուզում այդ թեմայի մասին խոսել, բայց բացահայտում եղել է։ Բացթողում՝ մեծ մասշտաբի, չեմ հիշում, բայց բացահայտում մաքսային մարմինների կողմից, եթե չեմ սխալվում, մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մոտ կես տոննա մետանֆետամին բացահայտել էր «Արարատյանում»։ Երևի մի երկու տարի առաջվա դեպք եմ ասում։

 

-Իսկ այս դեպքը, որ մեկ տոննա կոկաինը մտել է երկիր, ու ԱԱԾ-ն է բացահայտել, դա կարելի՞ է համարել մաքսային մարմինների բացթողումը։ 

 

-Ես, իրականում, չեմ հետևել ու չգիտեմ՝ ինչպես է ընթացքը եղել է։ Գործի բնույթին եթե ծանոթ լինեք, կարող է և միտումնավոր են թողել և հետևել, որ հետո գտնեն։ Ամեն դեպքում, մաքսանենգության դեմ պայքարի մասին է խոսքը, բայց քանի որ տեղյակ չեմ, չեմ կարող մեկնաբանել։

 

-Արդեն մեկ տարի եղավ, որ ազատվել եք պաշտոնից, այս ընթացքում ի՞նչ էիք անում, հիմա ինչո՞վ էիք զբաղվում։ Գիտենք, որ գանցել էիք Ամերիկա, հիմա վերադարձել եք։

 

-Ես հիմա IT ոլորտում եմ։ 

 

-Որոշել եք շա՞տ փող աշխատել, քանի որ ասում են՝ այդ ոլորտում փող շատ կա։

 

-Ամեն դեպքում փորձում եմ։ Հաջողություններ մաղթեք ինձ։ 

 

-Այսինքն՝ ծրագրավորմա՞մբ եք զբաղված։

 

-Այո, շատ լավ ծրագիր ենք գրել, հենց հաջող լինի ամեն ինչ, կլսեք։ Շատ լավ ծրագիր է ուսանողների համար։

 

-Իսկ ո՞ր ընկերությունում եք դրանով զբաղվում, թե՞ Դուք եք հիմնել։

 

-Մենք` ընկերներով ենք հիմնել։

 

-Իսկ հետևո՞ւմ եք նախկինում Ձեր ղեկավարած կառույցի աշխատանքին։

 

-Չէ, իրականում զբաղվածության պատճառով ժամանակ չեմ ունենում հետևել։

 

-Հետաքրքիր է, որ Ձեզնից հետո դարձյալ կին է ղեկավարում մաքսային ոլորտը, ըստ Ձեզ՝ որքանո՞վ է արդյունավետ աշխատում նա։

 

-ՊԵԿ-ը այնքան կայացած ու լավ կառույց է, որ համոզված եմ՝ պիտի որ լավ աշխատի։ Ամեն դեպքում, այն ժամացույցի պես աշխատող կառույց է։ 

 

-Իսկ ի՞նչ կարծիքի եք Ձեզ փոխարինած կնոջ՝ Ծովինար Սողոմոնյանի մասին։

 

-Տիկին Սողոմոնյանը շատ պրոֆեսիոնալ աշխատող է, ամեն դեպքում ես իր մասին միայն լավն եմ մտածում, միայն լավն եմ տեսել տիկին Սողոմոնյանից։

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ