Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը տեղի չի ունենա։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է գերմանական Deutsche Welle-ից, նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ օգոստոսի 28-ին կայացած հանդիպման ժամանակ։
«Մենք պետք է այսօր կրկին անդրադառնանք այս հարցին՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի միջև հանդիպումն ակնհայտորեն չի կայանա»,-նշել է Մերցը՝ խոսելով դիվանագիտական ջանքերի շարունակության մասին։
Նրա խոսքով՝ դա «տարբերվում է այն բանից, ինչի շուրջ համաձայնության էին եկել նախագահ Թրամփը և նախագահ Պուտինը նախորդ շաբաթ» և ինչը քննարկվել էր Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։
Օգոստոսի 28-ին Մերցը Ֆրանսիա է ժամանել՝ մասնակցելու գերմանա-ֆրանսիական կառավարական խորհրդակցություններին:
Ավելի վաղ Մերցը հայտարարել էր, որ Մոսկվան այս հարցում դիմում է «հետաձգման ռազմավարության»՝ հանդիպման հաստատումը կապելով որոշակի նախնական պայմանների հետ։
Նախորդ շաբաթ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել էր, որ մշակվում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ծրագիր: Կրեմլը իր հերթին միայն հայտարարել էր պատվիրակությունների մակարդակը բարձրացնելու իր պատրաստակամության մասին։