ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են մայիսի 26-ին ՀՀ տարածքից ադրբեջանցիներ առևանգած և Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողներին, Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Նրանցից յուրաքանչյուրի հետ տեղի է ունեցել առանձնազրույց։ Բացի այդ, Կարմիր խաչի նամակների միջոցով կապ է հաստատվել ընտանիքների հետ»,- ասաց Զառա Ամատունին։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մեր զինծառայողները գերեվարվել են։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարել է մեր զինծառայողների դեմ շինծու քրեական գործ հարուցելու մասին։