Հետևեք մեզ։

«Առանց Ադրբեջանի համաձայնության է»․ ադրբեջանցի «էկոակտիվիստները» Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսայի գործարանի առնչությամբ դիմել են հայ բնապահպաններին

12:12, 08 հունիս 2023
«Առանց Ադրբեջանի համաձայնության է»․ ադրբեջանցի «էկոակտիվիստները» Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսայի գործարանի առնչությամբ դիմել են հայ բնապահպաններին

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսայի` Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի առնչությամբ դիմել են հայ բնապահպաններին:

«Հայաստանը պատրաստվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից շրջանում խոշոր մետալուրգիական գործարան կառուցել:

Այս ձուլարանի թունավոր քիմիական թափոնները կարող են լուրջ հարված լինել տարածաշրջանի էկոհամակարգին: Հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի կողմից որևէ միջազգային ստանդարտ չպահպանելը լուրջ բնապահպանական վտանգ է ներկայացնում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար:

Առանց ադրբեջանական կողմի համաձայնության՝ սահմանին նման գործարանի կառուցումը 1991 թվականի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անդրսահմանային համատեքստում» կոնվենցիայի կոպիտ խախտում է։ Ադրբեջանը և Հայաստանը սույն Կոնվենցիայի կողմեր են, և դրա դրույթներից ելնելով պետք է աշխատանքներ տարվեն շրջակա միջավայրի վրա այս կայանի ազդեցության գնահատման ուղղությամբ, շինարարության գնահատման փաստաթուղթը պետք է դիտարկվի հարևան պետության՝ Ադրբեջանի համապատասխան կառույցների կողմից, և պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանին մոտ ապրող ադրբեջանցիների կարծիքը։

Որպես Ադրբեջանում գործող բնապահպանական ոչ կառավարական կազմակերպություններ՝ դիմում ենք համապատասխան միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, շրջակա միջավայրի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին, վնասակար նյութերի և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին և կոչ անում արձագանքել այս փաստին:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաները, այդ թվում՝ Ադրբեջանում և Հայաստանում ԱՄՆ դեսպանատները, չպետք է լռեն, այլ պետք է արձագանքեն այս հարցին։

Այստեղից դիմում ենք նաև Հայաստանի էկոակտիվիստներին։ Սա առաջին հերթին բացասաբար կանդրադառնա հենց Հայաստանի էկոլոգիական վիճակի վրա։ Ժամանակն է դադարեցնել այս գործընթացը, որը վտանգում է տարածաշրջանը»,- ասված է հայտարարության մեջ։