Հետևեք մեզ։

Կարծում եմ՝ շատ լավ են, գործընկերային․ Ավանեսյանն՝ իր և Արսեն Թորոսյանի հարաբերությունների մասին

12:18, 08 հունիս 2023
Կարծում եմ՝ շատ լավ են, գործընկերային․ Ավանեսյանն՝ իր և Արսեն Թորոսյանի հարաբերությունների մասին

Ես մի քանի անգամ նշել եմ՝ հարցաքննությունն ինտերվյու չէ, որ ես որոշեմ՝ տամ, չտամ կամ երբ տամ։ Երբ կարիքը կառաջանա, երբ քննիչները դրա անհրաժեշտությունը կտեսնեն, կհրավիրեն, ես էլ, իհարկե, կներկայանամ և կտամ բացատրություններ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Քովիդի գործով իրեն հարցաքննելու վերաբերյալ հարցին։

 

Նա նշեց, որ մինչ այս պահը իրեն չեն հրավիրել հարցաքննության։


Հարցին՝ ինքն ասելիք չունի՞, որ ներկայանա նախաքննական մարմին և խնդրի, որ իրեն հարցաքննեն, Ավանեսյանն ասաց․ «Չէ, ես մշտապես եղել եմ հանրային կերպով շատ թափանցիկ։ Թե ինչպես է իրականացվում քաղաքականությունը քովիդի շրջանակներում, ինչի վրա է ծախսվում, պատասխանել եմ բազմաթիվ հարցերի թե՛ Ազգային ժողովում, թե՛ լրագրողներին, և ինչ ասելիք, որ ունեմ, ասում եմ հանրային կերպով»։

 

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ասել էր, թե առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին այս գործով հարցաքննելու անհրաժեշտություն կա։ Ինչ վերաբերում է նրան, որ Արսեն Թորոսյանը պարբերաբար քննադատում է իրեն և իր ղեկավարած նախարարության աշխատանքը, արդյոք սա խա՞նդ է իր հանդեպ, Ավանեսյանն ասաց, որ ինքը բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ է վերաբերվում։  

 

Իսկ թե ինչպիսին են իր և Թորոսյանի հարաբերությունները, նախարարն ասաց․ «Կարծում եմ՝ շատ լավ են, գործընկերային»։