Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում զիջեց Ազգերի լիգայի հաղթող Պորտուգալիայի ընտրանուն 0:5 հաշվով։
Հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Եղիշե Մելիքյանը խոսեց հանդիպման խնդիրների մասին։
«Մենք պլան ունեինք և պետք է յուրաքանչյուր խաղին պատրաստ լինեինք՝ հստակ իմանալով, թե ինչ անել դաշտում գնդակով և առանց գնդակի: Սակայն, ինչպես տեսաք, ոչ ամեն ինչ ստացվեց մեր ցանկությամբ: Մրցակիցը բավական ուժեղ էր և ճիշտ կերպով արձագանքեց մեր ռազմավարությանը: Նրանք փորձ և որակ ունեին, գերազանց կատարում էին պրեսինգը, ինչը դժվարացնում էր մեր խաղը և խանգարում դուրս գալ պաշտպանությունից:
Ես նշել էի, որ չպետք է առաջ գնալ, ճնշում գործադրել կամ բացվել: Խոսել էի պաշտպանության ձևի մասին, և խաղացողները ճիշտ կատարեցին այն, սակայն մրցակցի որակը խեղդեց մեր ջանքերը:
Ոչինչ, ես ուրախ եմ, որ ունենք նման երիտասարդ խաղացողներ: Հավատում եմ, որ նրանք կդառնան այն ապագայի թիմը, որը մենք ցանկանում ենք տեսնել: Իհարկե, ես շատ տխուր եմ: Պորտուգալիայի դեմ 0:5 հաշվով պարտվելը, այն էլ սեփական հարկի տակ, հաճելի չէ: Ներողություն եմ խնդրում բոլորից»:
Ըստ Մելիքյանի՝ Պորտուգալիան մեկը մեկի դեմ խաղում ուժեղ էր․ «Նրանք գնդակով արագ էին տեղաշարժվում: Եթե պարտվել ենք 0:5, ապա սխալներ արել ենք բոլորս, հատկապես ես: Ինձ մի քիչ ժամանակ է պետք մեր ազգին ուրախացնելու համար»,-ասաց նա: