ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակվել Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում հունիսի 8-ին առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ։Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից՝ նշելով, որ, ըստ համացանցում տարածված հրապարակման, վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով:
«Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ: Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով: Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն»,- ասվում է պարզաբանման մեջ:
Ըստ աղբյուրի՝ ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ: Բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ: