2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում տեղի է ունեցել Դատավորների եվրոպական միության (European Association of Judges) տարեկան համաժողովը:
Համաժողովի ընթացքում քննարկվել են Եվրոպական երկրներում դատական իշխանության արդի մարտահրավերներին վերաբերող մի շարք հարցեր:
Մասնավորապես՝ ի թիվս այլ երկրների, քննարկվել են Լեհաստանում, Ռումինիայում, Ուկրաինայում, Լիտվայում, Խորվաթիայում, Բուլղարիայում, Ֆրանսիայում և Հայաստանում դատական իշխանության անկախությանն ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, մի շարք դեպքերում ընդունվել են բանաձևեր:
Հայաստանի Հանրապետությունում դատավորների անկախության սահմանափակման դեմ վերջին ժամանակաշրջանում իրականացվող տարաբնույթ ոտնձգությունները ՀՀ դատավորների միության կողմից պարբերաբար բարձրաձայնվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային գործընկերների հետ քննարկումների ժամանակ, ինչն էլ միջազգային գործընկերների կողմից տևական ժամանակ ուսումնասիրվել է և պայմանավորվածություն է ձեռքբերվել քննարկել Աթենքում:
Հայաստանում դատավորների անկախության արդի մարտահրավերների վերաբերյալ զեկույցը գրեթե միաձայն ընդունվել է 40-ից ավելի անդամ երկրների պատվիրակների քվեարկությամբ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(Բանաձև)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ (ԽՆԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում կայացած հանդիպման ընթացքում Դատավորների եվրոպական միությունը (այսուհետ նաև՝ EAJ) լուրջ մտահոգություն է արձանագրում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք բացասաբար են անդրադարձել Բարձրագույն դատական խորհրդի անկախության վրա և հանգեցրել են կարգապահական վարույթների չարաշահման՝ որոնք մասնավորապես ծառայում են դատավորներին դատական համակարգի խնդիրների, գործունեության վերաբերյալ իրենց տեսակետները հրապարակայնորեն արտահայտելու զսպող միջոց:
Բարձրագույն դատական խորհրդի կազմում ներառված են դատավոր չհանդիսացող հինգ անդամ, ովքեր ընտրվում են Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով և պետք է լինեն իրավաբան գիտնականների կամ այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ոչ դատավոր անդամի թեկնածությունը պետք է առաջադրի Ազգային ժողովի խմբակցությունը։ Խորհրդի ներկայիս դատավոր չհանդիսացող բոլոր անդամներն առաջադրվել և նշանակվել են ԱԺ իշխող խմբակցության կողմից, որն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն է կազմում:
Չեն բացահայտվել, հրապարակվել իշխող կուսակցության կողմից թեկնածուների ընտրության չափանիշները՝ որակավորման ու արժանիքների տեսանկյունից, չեն հրապարակվել նաև մինչ առաջադրումը նրանց ընտրության ընթացակարգն ու չափանիշները: Ընտրության համար առաջադրվածներից երկուսը նշանակմանն անմիջապես նախորդող ժամանակահատվածում զբաղեցրել են համապատասխանաբար Արդարադատության նախարարի և նույն նախարարի տեղակալի պաշտոնները։ Նրանցից առաջինը ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո անմիջապես ստանձնել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը:
Նման նշանակումներն ու այն, որ խմբակցության կողմից փորձ չի արվել փաստարկել, հաստատել թեկնածուների ընտրության, արժանիքների չափանիշները, հանգեցնում են աներկբա դատողության առ այն, որ դրանք կատարվել են քաղաքական դրդապատճառներով:
Դատավոր չհանդիսացող անդամների նշանակումներն անհամատեղելի են Դատական խորհուրդների եվրոպական ցանցի (ENCJ) կողմից սահմանված չափանիշների հետ, որոնք նախատեսում են, որ դատական խորհուրդների ոչ դատավոր անդամների, թեկնածուների ընտրության և նշանակման գործընթացը պետք է հիմնված լինի արժեքային (որակավորման) չափանիշների վրա և լինի թափանցիկ: Նրանք անտեսել են նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից 2018 թվականին տրված խորհրդատվական հանձնարարականն առ այն, որ Հայաստանը պետք է «նախատեսի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության բաց, թափանցիկ և մրցակցային ընթացակարգ և սահմանի Ազգային ժողովի կողմից նրանց ընտրելու հստակ չափանիշները»:
Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող Արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը:
Նշվածը հստակ արձանագրված է նաև ԳՐԵԿՈ-ի (GRECO) կողմից չորրորդ փուլի գնահատման շրջանակներում։ Այն նաև վերահաստատում է Բարձրագույն դատական խորհրդի, որպես կարգապահական գործերով որոշումներ կայացնող մարմնի, քաղաքական ազդեցությունից բացարձակապես զերծ լինելու անհրաժեշտությունը:
Ավելին, Դատավորների եվրոպական միությունը լիովին անընդունելի է համարում վերջերս իրականացվող քայլերը, որոնք ուղղված են դատավորների՝ արդարադատության համակարգի գործունեության վերաբերյալ հրապարակային արտահայտվելու, ցանկացած տեսակետ կամ մտահոգություն արտահայտելուց զերծ պահելուն:
Մասնավորապես՝ 2022 թվականի նոյեմբերի 25-ին և 26-ին, դեկտեմբերի 2-ին և 3-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն Արդարադատության նախարարի պաշտոնում իրեն անմիջապես փոխարինած իրավահաջորդի մասնակցությամբ հրավիրել է հավաքներ Հայաստանի բոլոր դատավորների մասնակցությամբ՝ ազդարարելով «խոսնակների ցանցի» ստեղծման մասին, ինչը ենթադրում էր միայն իր կողմից հաստատված անհատների կողմից դատական իշխանությանը վերաբերող հարցերի վերաբերյալ արտահայտվելու իրավասություն: Դրան հաջորդել է Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթների հարուցումն այն դատավորների նկատմամբ, ովքեր լիազորված չեն եղել որպես խոսնակներ, հրապարակային արտահայտվել են դատական իշխանության հիմնախնդիրների վերաբերյալ:
Մասնավորապես՝ դատավոր Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ հարուցվել էր կարգապահական վարույթ, այն առիթով, որ նա սոցիալական հարթակներում բարձրաձայնել էր խոսքը, լրատվամիջոցներին հարցազրույցներ էր տվել, բարձրաձայնել էր նաև դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածության հետևանքների, ազդեցության մասին: Արդյունքում դատավոր Նախշքարյանի լիազորությունները 2023 թվականի փետրվարի 27-ին դադարեցվել են: Կարգապահական վարույթ է հարուցվել նաև դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ այն հիմքով, որ նա լրատվամիջոցներին հարցազրույց է տվել՝ քննադատելով «խոսնակների ցանցի» հիմնումը, 20 դատավորի լիազորությունների դադարեցումն այն պատճառաբանությամբ, թե մինչ նշանակումը վերջիններիս վերապատրաստումը չի եղել պատշաճ, ինչպես նաև՝ այն առիթով, որ քննադատել է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջամտության փորձերը:
8.Դատավորների եվրոպական միությունը (EAJ) դատապարտում է կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները, որոնք միտված են զսպելու դատական համակարգի գործունեությանը վերաբերող հարցերում քննադատական խոսք հնչեցնելու դատական իշխանության ներկայացուցիչների արտահայտվելու, խոսքի ազատության իրավունքի իրացումը:
Ամփոփելով՝ Դատավորների եվրոպական միությունը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին կոչ է անում.
Լիարժեքորեն հետևել ու պահպանել դատական իշխանության անկախության սկզբունքը բոլոր առումներով:
Երաշխավորել ԲԴԽ ոչ դատավոր անդամների թեկնածությունների առաջադրումը (ընտրությունը) բաց, թափանցիկ, որակական չափանիշների ներքո, ինչպես նաև՝ զերծ գործադիրի կողմից քաղաքական ազդեցության ենթարկվելուց,
Հարգել դատավորների խոսքի ազատության իրավունքը,
Զերծ մնալ դատավորների նկատմամբ չարաշահումներով կարգապահական վարույթների հարուցումից, որոնք միտված են զսպելու դատավորների կողմից դատական համակարգի և դրա կառույցների, ինստիտուտների վերաբերյալ հրապարակային խոսքը,
Վերանայել այն գործերը, վարույթները, որոնք նախաձեռնվել են Արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահմամբ: