Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում նորից ընթանում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի և Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով հերթական դատական նիստը։
Նիստից առաջ դատարանի բակում Աշոտ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ իր մոտեցումն այն է, որ դեպքը պիտի համապատասխան իրավական գնահատական ստանա։
«Ինչ վերաբերվում է հերոսի մայր արտահայտությանը, ուզում եմ ասել, որ դա ոչ մեկ չի նսեմացրել ու չի էլ կարող նսեմացնել»,-ասաց նա, ապա ավելացրեց, որ ինքը խոնարհվում է բոլոր հերոսների և նրանց հարազատների առաջ։
«Այո, նաև խոնարհվում եմ տիկին Գայանեի առաջ, բայց, միևնույն ժամանակ ասում եմ նաև, որ օրենքը հավասար է բոլորի առաջ, ու յուրաքանչյուր միջադեպ ՀՀ-ում պիտի օրենքին համապատասխան գնահատական ստանա»,-նշեց Փաշինյանի որդին։