«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի իսպանացի հարձակվող Լամին Յամալի առողջական վիճակի վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասվում է, որ 18-ամյա Յամալը չի կարողացել մասնակցել շաբաթ՝ սեպետբերի 13-ին կայացած մարզմանը, աճուկի հատվածում առաջացած խնդրի պատճառով։ Ֆուտբոլիստը չի խաղա կիրակի օրը «Վալենսիայի» դեմ։
«Լամին Յամալը անհարմարություն ունի աճուկի շրջանում, ինչը նրան խանգարում է մարզվել և խաղալ։ Նրա վերադարձը մարզումներին կախված կլինի վերականգնման տեմպից»,- նշված է կապտանռնագույնների հայտարարության մեջ։
Ավելի վաղ կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նույնպես հայտնել էր, որ 18-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա մասնակցել Լա լիգայի 4-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղին, որը կկայանա կիրակի՝ սեպտեմբերի 14-ին։
Բացի այդ, ակումբի հաղորդակցությունների տնօրեն Գաբրիել Մարտինեսը նշել է, որ իսպանացու մասնակցությունը հարցականի տակ է Չեմպիոնների լիգայի առաջին տուրի՝ «Նյուքասլի» դեմ խաղում, որը կկայանա սեպտեմբերի 18-ին:
«Բարսելոնան» հայտարարություն է տարածել Լամին Յամալի վնասվածքի վերաբերյալ
21:43, 13 սեպտեմբեր 2025