Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մանվել Շահվերդյանի, հունիսի 9-ին արագացված կարգով քննեց ու վճռեց Գայանե Հակոբյանին (Ազգուշ Մարտիրոսյան) մեղավոր ճանաչել Նիկոլ Փաշինյանի որդու առևանգման փորձի համար։ Այդուհանդերձ այս պատիժը նրա նկատմամբ չի կիրառվի։ Ըստ դատարանի վճռի եզրափակիչ մասի՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված պատիժը որոշվել է պայմանականորեն չկիրառել՝ նշանակելով 1 տարվա փորձաշրջան։
Աշոտ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ բավարարվա՞ծ է դատարանի որոշումից, պատասխանեց.
«Արդարադատության նպատակը ոչ թե մեղավոր ճանաչվածին պատժելն է, այլ հանցանքների նվազումը: Եթե դատական համակարգը որոշում է, որ այս պայմաններով այս նպատակն իրագործվում է, դեմ չեմ կարող լինել, անձնապես կարող եմ ուրախ լինել: Գոհ եմ, որ միջադեպին իրավական գնահատական տրվեց»:
Նա հավելեց, որ չի պատրաստվում բողոքարկել վճիռը։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ նա չուներ փաստաբան, բայց պարբերաբար նկատվում էր, որ Փաշինյանը դատախազի հետ է քննարկումների մեջ մտնում, Փաշինյանը նշեց. «Ես տուժող եմ համարվել և պաշտպանվելու կարիք չունեմ։ Մասնավոր գործով դիմել եմ իրավապահ համահարգին, իրավապահ համակարգի աշխատանքն է պաշտպանել իմ շահերը այս դահլիճում»։