Հետևեք մեզ։

Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա

10:40, 16 սեպտեմբեր 2025
Իսրայելի պաշտպանության բանակը ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ցամաքային հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա՝ այն գրավելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաների։

Ըստ հրապարակման՝ սեպտեմբերի 15-ին ԻՊԲ ցամաքային զորքերը մտել են քաղաք. ավելի ուշ նրանց էլի ուժեր կմիանան։ Ցամաքային գործողությունից առաջ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԻՊԲ-ն զանգվածային ավիահարվածներ էր հասցնում Գազային՝ գետնին հավասարեցնելով բազմաթիվ բարձրահարկ շենքեր՝ պնդելով, թե դրանք օգտագործվում են ՀԱՄԱՍ-ի կողմից ռազմական նպատակներով։ Միևնույն ժամանակ Իսրայելը պաղեստինցիներին հորդորել է հեռանալ քաղաքից։ 

Axios-ը շեշտում է, որ իսրայելական հարձակումը սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու նրա կաբինետի բարձրաստիճան անդամների հանդիպումից մի քանի ժամ անց։

Ըստ երկու իսրայելցի պաշտոնյայի՝ Ռուբիոն Իսրայելի վարչապետին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աջակցում է ցամաքային գործողությանը, սակայն ցանկանում է, որ այն արագ իրականացվի և հնարավորինս շուտ ավարտվի։

Իսկ ամերիկացի պաշտոնյաներից մեկն Axios-ին հայտնել է, որ Թրամփի վարչակազմը չի պատրաստվում կանգնեցնել Իսրայելին և թույլ է տալիս նրան սեփական որոշումներ կայացնել Գազայի հատվածում պատերազմի վերաբերյալ։

Իսրայելական հարվածներից պաղեստինյան անկլավում գրեթե 65 000 պաղեստինցի է զոհվել։ Ռազմական գործողությունների պատճառ է դարձել 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա, որի հետևանքով զոհվել է 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ 

 

Վերլուծական