Հետևեք մեզ։

«Թարս կապույտ». Կարեն Անդրեասյանի տապալված պալատական հեղաշրջման խայտառակ սկանդալի մանրամասները. 168.am

22:35, 09 հունիս 2023
«Թարս կապույտ». Կարեն Անդրեասյանի տապալված պալատական հեղաշրջման խայտառակ սկանդալի մանրամասները. 168.am

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը գնացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ու դատարանի դատավորների որոշ մասի հետ ժամերով փակվել, ներքին քննարկում իրականացրել:

«Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ներքին քննարկման ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշ դատավորների հասկացրել է, թե իրեն հատկապես Վերաքննիչ քրեական դատարանում պետք է մեկ անձ, որը կհամակարգի ողջ դատարանի աշխատանքը»,- գրել էր օրաթերթը։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ` Վերաքննիչ քրեական դատարանի համակարգող կամ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի աչք ու ականջներ ծառայող դատավոր է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։

 168.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այդ խայտառակ հանդիպումից։

Նախ՝ հանդիպումը կայացել է ոչ թե Վերաքննիչ քրեական դատարանում, այլ հենց ԲԴԽ-ում։ Վերաքննիչի դատավորներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ է հրավիրել երեկոյան 18:30-ին։

Հրավիրված չեն եղել ընդամենը 7 դատավոր` Վազգեն Ռշտունի, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյան, Ռոբերտ Պապոյան, ԲԴԽ անդամ Արշակ Վարդանյան, Կարեն Մարդանյան, Գրիգոր Հովհաննիսյան, Արմեն Բեքթաշյան։

Մխիթար Պապոյանին ԲԴԽ չհրավիրելը տրամաբանական է դառնում, երբ տեղեկանում ենք հանդիպման նպատակի մասին։ Մյուս 6-ը փաստացի Կարեն Անդրեասյանի համար ոչ յուրային դատավորներ են, իսկ հրավիրյալ 18 դատավորների մասով առնվազն մինչև հանդիպումը ԲԴԽ նախագահը վստահ է եղել, որ անակնկալներ չեն լինի։

Մի անգամ արդեն լրատվամիջոցը գրել է, որ Կարեն Անդրեասյանը սովորություն ունի իր ուժերից վեր ծանրություն փորձել բարձրացնել, անհնարին հանձնառություն ստանձնել ու «գցել ոտքին», ինչպես եղավ Արշակ Վարդանյանի` ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանին հավաստիացրել էր, որ ԲԴԽ նոր դատավոր անդամը Ռուբիկ Մխիթարյանն է լինելու։

Չստացվեց նաև այս անգամ։

Եթե Կարեն Անդրեասյանը պատանեկան տարիքում բակ չի իջել և չի խաղացել, հաստատ գոնե լսած կլինի բլոտի մասին։ Բավականին հետաքրքիր խաղ է, պահանջում է մաթեմատիկական հաշվարկներ կատարելու հմտություններ, ռիսկ ու հիշողություն։

Բլոտում կա «թարս կապույտ» հասկացությունը, երբ սխալ հաշվարկ ես անում, հիշողությունդ տեղի է տալիս, ռիսկդ էլ արդարացված չի լինում, ու կրում ես խայտառակ պարտություն։

Նախորդ օրվա Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հետ հանդիպմանը Կարեն Անդրեասյանը փաստացի թարս կապույտ է եղել։

Իսկ հիմա՝ ըստ էության։

Հանդիպման առաջին երկու ժամը ԲԴԽ նախագահը նվիրել է վերաքննիչի դատավորներին շողոքորթելուն, գլխավորին նախապատրաստելուն։ Ասել է, որ իր աշխատանքը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի հետ չի ստացվում, ինչից տուժում է համակարգը, և ինքը հարցի լուծման հանճարեղ պլան ունի։

Հաջորդիվ ներկա դատավորներին բաժանել է քվեաթերթիկներ, առաջարկել իրենց միջից թեկնածուներ առաջադրել ու ընտրել Մխիթար Պապոյանին այլընտրանքային, ստվերային նախագահ, ում հետ էլ ինքը պիտի աշխատեր։

 

Այստեղ կատարվել է անսպասելին։ Դատավորները մեկը մյուսի հետևից ոչ միայն հրաժարվել են կատարել Կարեն Անդրեասյանի պահանջը, այլև ԲԴԽ նախագահի երեսին ուղիղ ասել են՝ ինչ են մտածում իրավիճակի ու Անդրեասյանի առաջարկի մասին։

Մասնավորապես, ոտքի է կանգնել դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ Կարեն Անդրեասյանի երեսին նետելով, որ վերջինիս առաջարկը վիրավորական է իր՝ մի դատավորի համար, ով իր անկախ դիրքավորմամբ ու անաչառությամբ անուն է վաստակել ու չի պատրաստվում այդ անունը գետնով տալ Կարեն Անդրեասյանի ամբիցիաները բավարարելու համար։

«Դուք՝ որպես դատավորի, ուզում եք փոշիացնել ինձ»,- ասել է Նիկողոսյանը ու իր խոսքն ավարտելուց հետո դուրս է եկել սենյակից։

Կարեն Անդրեասյանը հասկացել է, որ իրավիճակը թեժանում է, և առաջարկել է բոլոր նրանց, ովքեր չեն մասնակցելու քվեարկությանը, դուրս գալ սենյակից, ինչից հետո Վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավոր Աննա Մաթևոսյանը մի կողմ է դրել քվեաթերթիկը՝ ասելով, որ չի մասնակցելու քվեարկությանը, բայց սենյակից դուրս չի գալու, որպեսզի տեսնի՝ ինչ է այնտեղ կատարվելու, և հույս ունի, որ իրեն բռնի ուժով դուրս չեն հրավիրելու:

Աննա Մաթևոսյանից հետո Կարեն Անդրեասյանին իր տեղն է դրել Նարինե Հովակիմյանը՝ հայտարարելով, որ իրենք նորմալ աշխատում են իրենց դատարանի նախագահի հետ և չեն պատրաստվում նրա թիկունքի հետևում ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերել:

Նույնը կրկնել է դատավոր Լուսինե Աբգարյանը: Կարեն Անդրեասյանը չի դիմացել Լուսինե Աբգարյանի «հարվածին» ու նրան երեսով է տվել, թե՝ «ես քեզ սև ցուցակից սպիտակ ցուցակ էի տարել, բայց ոնց որ դու էլի ուզում ես հետ գալ սև ցուցակ»:

Հրաժարվել են գրեթե բոլորը, նույնիսկ Գագիկ Ջհանգիրյանի սրտի Վերաքննիչ դատարանի նախագահի թեկնածու Սևակ Համբարձումյանը:

Մնացել են երկուսը՝ Ռուբիկ Մխիթարյանն ու Արմեն Դանիելյանը: Նույնիսկ վերջինս, երբ տեսել է՝ բոլորը հրաժարվում են, ասել է, որ ինքն էլ չի մասնակցելու, թեպետ, ի վերջո, մասնակցել է քվեարկությանը. Արդյունքում՝ 2 ձայնով Կարեն Անդրեասյանի ստվերային նախագահ «ընտրվել է» Ռուբիկ Մխիթարյանը:

Եվ վերջում:

Սարսափելին այն չէ, որ Կարեն Անդրեասյանը փորձում է իր տիրապետությունը հաստատել Վերաքննիչում. ի վերջո, Վերաքննիչում փաստացի գայլերն ավելի շատ են, քան գառները: Սարսափելի է այն, թե ինչ եղանակներով ու մեթոդներով է նա փորձում հասնել դրան:

Կարեն Անդրեասյանը, ով սահմանադրական անկախ մարմնի ղեկավար է, ունի անհավանական լծակներ, թուրն առած, մանկության տարիներին հեծանիվ չունեցողի հոգեբանական բարդույթներով ընկնում է իրեն չենթարկվող դատավորների հետևից, մինչև ընկերոջ՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ միասին չի հասնում այդ դատավորների լիազորությունների դադարեցմանը:

 Իսկ Կարեն Անդրեասյանի արարքի մեջ հանցակազմի առկայությունը թերևս աղաղակող է, և իրավապահ մարմինները վաղ թե ուշ անպայմանորեն կզբաղվեն այս դեպքով:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։