Ամերիկյան Politico թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը։
Ըստ իր աղբյուրների՝ Թրամփը սեպտեմբերի 23-ին մի քանի արաբական և մուսուլմանական երկրների առաջնորդներին խոստացել է, որ «թույլ չի տա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը»։
Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում։ Դրան մասնակցել են Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Կատարի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի առաջնորդները։ Politico-ի աղբյուրների համաձայն՝ մասնակիցներից մի քանիսը ցանկանում էին Թրամփին հստակեցնել, որ «Իսրայելի կողմից Արևմտյան ափի ցանկացած ներխուժում, հավանաբար, կհանգեցնի Աբրահամի համաձայնագրերի փլուզմանը»։
Axios-ը այս ամսվա սկզբին հայտնել էր, որ Նեթանյահուն ցանկանում է Թրամփի համաձայնությունը Արևմտյան ափը օկուպացնելու համար։ Ըստ պորտալի աղբյուրների՝ Երուսաղեմում կայացած հանդիպման ժամանակ վարչապետը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին տեղեկացրել է, որ դիտարկում է այն տարածքը զավթելու տարբեր տարբերակներ, որտեղ գործում է Պաղեստինի ազգային վարչակազմը։