«Կիլիկիա» գարեջրի գործարանում իրականացվել են քննչական գործողություններ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«2022 թվականին նախաձեռնված է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու հատկանիշներով։ Գործն այս պահին գտնվում է նախաքննության փուլում։ Իրականացվել են քննչական գործողություններ, սակայն տնտեսվարողին թույլատրվել է շարունակել գործունեությունը»,- ասել է Ավդալյանը։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ գործարանը ժամանակավորապես փակվել է, և իրականացվել են գործողություններ։ Նշվել էր նաև, որ գործարանի սեփականատերը՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, հրաժարվել է մեկնաբանել ընթացող գործընթացները։