Հետևեք մեզ։

Հռոմից Երևան ժամանած քաղաքացու ստամոքսից ու հաստ աղիքից դուրս են բերվել թմրանյութի պարկեր. ՊԵԿ (տեսանյութ)

11:48, 12 հունիս 2023
Հռոմից Երևան ժամանած քաղաքացու ստամոքսից ու հաստ աղիքից դուրս են բերվել թմրանյութի պարկեր. ՊԵԿ (տեսանյութ)

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի աշխատակիցները համատեղ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, օրերս Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում անձնական մաքսային զննման են ենթարկել Հռոմ-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀՀ քաղաքացուն։ Ունենալով հիմնավոր  կասկածներ, որ քաղաքացի Մ. Հ.-ն հնարավոր է մարմնում թաքցրել է թմրամիջոցներ, վերջինս ռենտգեն  սարքավորմամբ ենթարկվել է զննության, որից հետո մաքսային հսկողության շրջանակում անհրաժեշտություն է առաջացել քաղաքացու նկատմամբ անցկացվող զննումն իրականացնել բժշկի մասնակցությամբ: Այդ նպատակով  նա «Զվարթնոց» օդանավակայանից  տեղափոխվել է բժշկական կենտրոն, ուր համակարգչային շերտագրման` տոմոգրաֆիայի  արդյունքում պարզվել է, որ  քաղաքացու ստամոքսում և հաստ աղիքի հատվածում առկա են գնդաձև օտար մարմիններ, որոնք բժշկական տարբեր միջամտությունների արդյունքում դուրս են բերվել վերջինիս մարմնից: 

Քաղաքացու  մարմնից ընդհանուր առմամբ դուրս է բերվել «հաշիշ» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ հոտով շագանակագույն զանգվածների պարունակությամբ 110 հատ ամբողջական, 16 հատ պատռված և բացված պոլիէթիլենային գնդաձև փաթեթ: Հայտնաբերված «հաշիշ» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածների ընդհանուր քաշը կազմել է 652 գրամ։

Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն: Գործին առնչվող նյութերը՝  հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։