Հետևեք մեզ։

Բերդկունքի բերդ-ամրոցը պեղումների վերջնական ավարտից հետո կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի

12:11, 03 հոկտեմբեր 2025
Բերդկունքի բերդ-ամրոցը պեղումների վերջնական ավարտից հետո կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղի բերդ-ամրոցի տարածքում վերսկսվել են հնագիտական պեղումները, որոնք մեկնարկել էին 2024 թվականի ապրիլին և ընդհատվել նույն տարվա հունիսին։ Հնագիտական պեղումներ իրականացնող արշավախումբը ղեկավարում է հնագետ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակից Լուսինե Ալեքսանյանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ հետ զրույցում հնագիտական արշավախմբի անդամ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, հնագետ Լևոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ Բերդկունքի ամրոցի պեղումները կշարունակվեն  առաջիկա երկու շաբաթների ընթացքում։  

Բերդկունքի բերդ-ամրոցը պեղումների վերջնական ավարտից հետո, ըստ պետական ծրագրի,  կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի։

Բերդկունք կամ Սպիտակ բերդ ամրոցը բազմաշերտ հուշարձան է, որը հիմնվել է մ․թ․ա․19-18-րդ դարերում ու գործել հազարամյակներ շարունակ։ Ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ այն կոչվում է «Սպիտակ բերդ»։ 

Նախորդ տարվա պեղումների և դիտարկումների  արդյունքներն ի մի բերելով, հնագետ Լևոն Մկրտչյանը ներկայացրեց ամրոցի առանձնահատկությունները և պատմամշակութային նշանակությունը։ 

«Ամրոցը ցամաքային մասում զուրկ է տեսանելիությունից։ Անգամ Գավառ-Սևան նորակառույց ճանապարհից այն մասնակի է երևում։  Պատմական ճանապարհն անցնում է քարքարոտ բլրակների արանքով՝ հասնելով դեպի Սևանա լիճ տանող ժայռոտ մի հրվանդան, ինչը խոսում է այն մասին, որ ամրոցի ուղին եղել է ժայռափոր թունելով։ Այժմ էլ պահպանվել են փորված ուղիները ժայռի մեջ։ Ամրոցը բաղկացած է դղյակից, առանձին սենյակներով համալիրից և մշակված ծովախորշից։ Դղյակը տիպիկ է Բագրատունյաց ժամանակաշրջանի նմանատիպ կառույցներին, որոնք պարսպապատերին ունեին կիսաբոլոր աշտարակներով հզորացումներ։ Ջրային հատվածում  դիրքային առավելություն ստանալով՝ ամրոցն ամբողջությամբ վերահսկում է Սևանի ավազանը։ Այն նաև տեսողական կապի մեջ է Արտանիշի թերակղզու վրա գտնվող ամրոցի հետ։ Հավանաբար, հենց սրա հետ էլ կատարվել է նավագնացություն։

Բացի այդ, ամրոցը հյուսիսում ունի ժայռի մեջ փորված խորշ, ինչը, հավանաբար, նավերի կայանման համար է արված։  Խորշի արևելյան մասում՝ հրվանադանի ամենաբարձրադիր վայրում,  պահպանվել են բոլորաձև շինության հետքեր, որը հավանաբար եղել է փարոս։ Միջնադարյան ամրոցի տեղում եղել է III հազարամյակի բնակատեղի։

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում փորձելու ենք պեղել պարսպապատը, որը մեր կարծիքով, իրենից ոչ այնքան պարսպապատ է ներկայացնում, որքան՝ մոնումենտալ շինություն՝ դղյակի տեսք հիշեցնող։ Փորձելու ենք պեղել նաև փարոսի հատվածը, որտեղ նկատվում է մուտք և աստիճանների հետքեր։ Կարծում ենք, որ պեղումները կշարունակվեն նաև մոտակա տարիների ընթացքում, մինչև որ վերջնական տեսքի կբերվի ամրոցի բուն կառուցվածքն ու հատակագիծը»,-ներկայացրեց Լևոն Մկրտչյանը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները