Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրներն են ամերիկացի գիտնականներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի գիտնական Շիմոն Սակագուչին՝ «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։
«Այս տարվա մրցանակակիրները բացահայտել են, թե ինչպես է վերահսկվում իմունային համակարգը։ Մարմնի հզոր իմունային համակարգը պետք է կարգավորվի, հակառակ դեպքում այն կարող է հարձակվել մեր սեփական օրգանների վրա։ Բրունկոուն, Ռամսդելը և Սակագուչին այս տարվա բժշկության մրցանակն են ստացել իրենց նորարարական հայտնագործությունների համար՝ կապված պերիֆերիկ իմունային հանդուրժողականության հետ, որը կանխում է իմունային համակարգի կողմից մարմնին վնաս հասցնելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Նոբելյան մրցանակի հանձնաժողովի հայտարարության մեջ։
Դափնեկիրները նույնականացրել են իմունային համակարգի անվտանգության պահապաններին՝ կարգավորող T բջիջներին, որոնք կանխում են իմունային բջիջների կողմից մեր սեփական մարմնի վրա հարձակումը։
Գիտնականների հայտնագործությունները սկիզբ դրեցին պերիֆերիկ հանդուրժողականության ոլորտի զարգացմանը՝ խթանելով քաղցկեղի և աուտոիմուն հիվանդությունների բուժման մշակումը։
Նոբելյան մրցանակի հանձնաժողովին նշում են, որ սա կարող է նաև հանգեցնել ավելի հաջող փոխպատվաստումների իրականացմանը։ Իսկ այս բուժումներից մի քանիսն այժմ անցնում են կլինիկական փորձարկումներ։
Մրցանակը, որը կազմում է 11 մլն շվեդական կրոն (ավելի քան 1 մլն դոլար), հավասարապես կբաշխվի դափնեկիրների միջև։