Հետևեք մեզ։

Լեկոռնյուի հրաժարականից հետո Ֆրանսիայի ընդդիմությունը պահանջում է Մակրոնի հրաժարականը

17:26, 06 հոկտեմբեր 2025
Լեկոռնյուի հրաժարականից հետո Ֆրանսիայի ընդդիմությունը պահանջում է Մակրոնի հրաժարականը

Ֆրանսիայի ընդդիմության ներկայացուցիչները պահանջել են, որ հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը հեռանա պաշտոնից այն բանից հետո, երբ վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն հրաժարական է տվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։«Սեբաստիան Լեկոռնյուի հրաժարականից հետո մենք կոչ ենք անում անհապաղ քննարկել 104 պատգամավորների առաջարկն Էմանուել Մակրոնի հրաժարականի մասին», - X-ում իր ելույթի տեսանյութերն է տարածել «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության հիմնադիր Ժան Լյուկ Մելանշոնը: 

Քաղաքական գործիչը նաև Մակրոնին մեղադրել է երկրում քաղաքական քաոս ստեղծելու համար։«Էմանուել Մակրոնը պետք է հրաժարական տա կամ հեռանա խորհրդարանի քվեարկությունից հետո», - հայտարարել է նա։ 

«Անկոտրում Ֆրանսիա»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատիլդ Պանոն իր հերթին հիշեցրել է, որ երկրում մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում երեք վարչապետ է փոխվել: «Հետհաշվարկն սկսվել է: Մակրոնը պետք է հեռանա», - X-ում գրել է նա: 

Նման կոչերով հանդես են եկել նաև «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցությունից այլ խորհրդարանականներ:

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն հրաժարական է տվել հոկտեմբերի 6-ին՝ կառավարության նոր կազմը հայտարարելուց ընդամենը մի քանի ժամ անց: Նա քննադատել է քաղաքական կուսակցություններին փոխզիջումների գնալու պատրաստ չլինելու համար:

Վարչապետի անսպասելի և աննախադեպ հրաժարականն ավելի է խորացրել Ֆրանսիայում տիրող քաղաքական ճգնաժամը: Նոր կառավարության կազմը դժգոհություն էր առաջացրել ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ համախոհների շրջանում:

Սեբաստիան Լեկոռնյուն, որը կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերի 9-ին, դարձել է երկրի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։ Նրա պաշտոնավարումը տևեց ընդամենը 26 օր: Վերջին երկու տարվա ընթացքում Լեկոռնյուն Ֆրանսիայի արդեն հինգերորդ վարչապետն էր:

Նրանից առաջ կառավարության ղեկավարի պաշտոնում լինելու ամենակարճ տևողության ռեկորդը պատկանում էր Միշել Բառնիեին, որը հրաժարական էր տվել 2024 թ. դեկտեմբերին՝ նշանակումից երեք ամիս անց:

 

Վերլուծական