Հունիսի 10-ին հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանում. այդ օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտա 20 հասցեում գործող «Վարդա մյուզիք հոլ»-ում վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ փոխադարձ հայհոյանքներ են հնչեցնում և հարվածներ հասցնում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նույն օրը՝ ժամը 03:45-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի վնասվածք, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել «Վարդա մյուզիք հոլ»-ից, և նա 32-ամյա Թ. Դարչինյանն է:
Կարճ ժամանակ անց «Հերացու անվան թիվ 1 համալսարանական» հիվանդանոցից է ահազանգ ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով «գուվ, ճակատի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը նույնպես նշված վայրից է տեղափոխվել հիվանդանոց, և նա Երևանի բնակիչ 27-ամյա Ա. Ղևոնդյանն է:
Ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, «Վարդա մյուզիք հոլ»-ում Ա. Ղևոնդյանը, Երևանի բնակիչներ 29-ամյա Է. Մելիքյանը, 37-ամյա Տ. Սողոմոնյանը, Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Թ. Դարչինյանը, Երևանի բնակիչներ 28-ամյա Վ. Մուդիրյանը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաշվառված Երևանի բնակիչ 31-ամյա Ս. Վարդանյանը, «Արմավիր» քրեկատարողական հիմնարկում հաշվառված Ս. Վարդանյանը (վերջինները հարազատ եղբայրներ են և հանրության ավելի շատ քրեական պատմություններով հայտնի «Ճըվճըվ Արոյի» որդիներն են), բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խախտել են հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, վիճաբանել միմյանց հետ, ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև սեղանի վրա գտնվող առարկաներով փոխադարձ հարվածներ հասցրել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նույն օրը ոստիկանները Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Ա. Ղևոնդյանին, Տ. Սողոմոնյանին և Է. Մելիքյանին: Խուզարկությամբ Տ. Սողոմոնյանի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ «Ճըվճըվ Արոյի» որդիներից մեկը դատարանի որոշմամբ եղել է տնային կալանքում, զարմանալի է, որ նրա վրա եղել է հատուկ սարք, սակայն նա խախտել է օրենքը: Սարքը գործելու դեպքում Պրոբացիոն ծառայությունում պետք է տեղեկացված լինեին:
Վիճաբանության մասնակիցների մեջ է եղել նաև պետական պաշտոնյա, որը երբ տեսել է, որ մթնոլորտը շիկանում է, ներկայացել է, որ իբրև թե ինքն աշխատում է ԱԱԾ-ում: