Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանության նախկին նախարար Սեբաստիան Լըկորնյուին վերանշանակել է վարչապետի պաշտոնում։ Լըկորնյուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 6-ին՝ վարչապետի պաշտոնում մնալով ընդամենը 27 օր:
Նա իքսի էջում գրել է, որ ընդունում է իրեն վստահված առաքելությունը՝ «պարտականության զգացումից ելնելով»։
Լըկորնյուն խոստացել է «անել հնարավորը՝ մինչև տարեվերջ Ֆրանսիայի պետբյուջեի հետ կապված խնդիրները հասցեագրելու համար»։
«Պետք է վերջ դնենք քաղաքական ճգնաժամին, որը զայրացնում է ֆրանսիացիներին, և անկայունությանը, որն ազդում է Ֆրանսիայի կերպարի և շահերի վրա»,- նշել է պաշտոնյան:
Լըկորնյուն պետք է ձևավորի նոր կառավարություն, ապա ներկայացնի 2026 թվականի բյուջեն, որի նախագծի շուրջ առկա տարաձայնություններն էլ հենց դարձել են նախորդ վարչապետ Ֆրանսուա Բայրուի հրաժարականի հիմնական պատճառը։
Լըկորնյուի անսպասելի վերանշանակմանն ընդառաջ Էմանուել Մակրոնն ընդունել է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդներին՝ բացառությամբ ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ կուսակցությունների։