Նոր կապիտուլյացիան կանխելու միակ ճանապարհը համաժողովրդական ընդվզման ու դիմադրության ճակատի ձևավորումն է։ Այս մասին ՀՅԴ ԳՄ մամուլի ասուլիսում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Ըստ Սաղաթելյանի, այն, ինչի մասին խոսում է Փաշինյանը, ոչ թե խաղաղության պայմանագիր է լինելու, այլ նոր կապիտուլյացիա՝ աղետալի հետևանքներով:
«Մեր գլխավոր խնդիրն է ամեն ինչ անել, որ այդ փաստաթուղթը չստորագրվի, դրա համար պետք է ժողովրդին դուրս բերենք պայքարի։ Եթե երկրի ներսում չլինի դիմադրություն, եթե իշխանությունը հասկանա, որ կարող է ստորագրել այդ փաստաթուղթը և մարսել, ապա իրենք ստորագրելու են»,- ասաց Սաղաթելյանը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ ունեն քայլերի ու գործողությունների իրենց պատկերացումները, բայց բոլոր գաղափարները քննարկելու են խորհրդարանական և արտախորհրդարանական առողջ ուժերի հետ:
«Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց, որ ամբողջ ուժերով լծվելու ենք այս գործին, արդեն հայտարարել ենք»,- ասաց ԱԺ պատգամավորը և հնարավոր համարեց ստեղծված իրավիճակում համաժողովրդական ճակատի ստեղծումը. «Անցնող 3 տարիների ընթացքում մեր անհաջողությունների պատճառը եղել է այն, որ չենք կարողացել մեր ժողովրդին լիարժեք բացատրել սպասվող աղետի մասին»: