Հետևեք մեզ։

Ինչ էր անում ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը Ջաբրայիլի (Ջրական)hակաhարձակման ժամանակ. Hetq.am

08:22, 15 հոկտեմբեր 2025
Ինչ էր անում ՊԲ շտաբի պետ Կամո Վարդանյանը Ջաբրայիլի (Ջրական)hակաhարձակման ժամանակ. Hetq.am

Թե ինչ դեր է ունեցել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը՝ հայտնի չէ: Տարբեր քրեական գործերով նա հարցաքննվել է, որից էլ հնարավոր է իմանալ որոշ մանրամասներ: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Պաշտոնապես նա պետք է հանդիսանար բանակի ղեկավարության առանցքը՝ համակարգելով օպերատիվ բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։ Սակայն, Ջաբրայիլի ուղղությամբ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման օրինակով պարզ է դառնում, որ գեներալ-մայոր Վարդանյանի ներգրավվածությունը նման որոշիչ գործողություններում եղել է սահմանափակ։

Արցախի ՊԲ-ում Գլխավոր շտաբի պետի անմիջական ենթակայության տակ էին գտնվում հետախուզությունը, օպերատիվ բաժինը, կապը, ռազմատեղագրական և զորահավաքային բաժինները, զորքերի ծառայությունը։ Մյուսները ՊԲ հրամանատարի և տեղակալների ենթակայության տակ էին։

Կամո Վարդանյանն Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը զբաղեցրել է 2012-2017 և 2020-2021 թվականներին։ 

2020թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետը գեներալ-մայոր Կամո Վարդանյանն էր։ Պատերազմից հետո Վարդանյանը դարձավ Արցախի ՊԲ հրամանատար, իսկ 2023թ.-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակման, արցախի հայաթափումից հետո՝ 2024 թվականի սպրիլի 4-ին, նշանակվել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական։ Թե ինչ խորհուրդներ է տալիս այսօր նա նախարարին, անհայտ է: 

44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում գլխավոր շտաբի պետի գործողությունների մասին ուսումնասիրությունը դեռ հասանելի չէ։ Թե ինչ է նա պատմել Ազգային ժողովում ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, նույնպես հասանելի չէ: Սակայն, մեր ձեռքի տակ են հայտնվել պատերազմի առանցքային դրվագներից մեկի՝ 2020թ.-ի հոկտեմբերի 7-ին Ջաբրայիլի ուղղությամբ իրականացված հակահարձակման օպերացիայի ընթացքում Կամո Վարդանյանի գործողությունների վերաբերյալ իր տված ցուցմունքից որոշ տեղեկություններ։

2020 թվականի սեպտեմբերի 28-ին, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամանով, Վարդանյանը մեկնել է արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատված։ ԳՇ պետի հետ մեկնել են նաև օպերատիվ բաժնի, կապի, հրետանու սպաներ։

Հյուսիսային հատվածում՝ 7-րդ պաշտպանական շրջանի (Եղնիկների) տեղամասում գտնվելու ընթացքում Վարդանյանը ռադիոկապով տեղեկացել է սահմանի մնացած հատվածներում տիրող իրավիճակի մասին։ 

Քննիչի՝ ինչպե՞ս է արտահայտվել Ձեր մասնակցությունը հակահարվածին հարցին, Կամո Վարդանյանը պատասխանել է, որ հրամանատարական կետ վերադարձել է հոկտեմբերի 5-ի գիշերը։ Այդ ժամանակ էլ իմացել է հարավային ուղղությամբ նախապատրաստվող օպերացիայի մասին։ Հաշվի առնելով ժամանակի սղությունը՝ Վարդանյանը չի կարողացել ծանոթանալ օպերացիայի մանրամասներին։

 Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ի առավոտյան, Պաշտպանության բանակի ղեկավարի հրամանատարությամբ Կամո Վարդանյանը, օպերացիային ներգրավված ստորաբաժանումների հրամանատարները, ծառայությունների պետերը մեկնել են՝ տեղազննման աշխատանքներ իրականացնելու։

Հոկտեմբերի 7-ին Ջալալ Հարությունյանը, Կամո Վարդանյանը, ՊԲ հրամանատարի տեղակալները մեկնել են Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղում տեղակայված հրամանատարական կետ։ 

Քննիչը Վարդանյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ հրաման է ստացել և իրականացրել և արդյոք վերահսկել է ինչ-որ ստորաբաժանման աշխատանք։ 

Կամո Վարդանյանն ասել է, որ փաստաթղթերի կազմմանը չի մասնակցել, քանի որ հոկտեմբերի 5-ին է վերադարձել հյուսիսային ուղղությունից։ Նա նշել է, որ միայն հասցրել է մի քանի հարց տալ մանրամասների մասին։ ՊԲ շտաբի պետն ասել է նաև, որ կոնկրետ չի հիշում, թե ինչ հրամաններ է իրեն տվել Ջալալ Հարությունյանը։

Կամո Վարդանյանի խոսքով՝ օպերացիան մշակվել է բանակի հրամանատարի գլխավորությամբ՝ շտաբի օպերատիվ բաժնի կողմից։

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները