Նախաձեռնությամբ Կառավարությունը փոփոխություններ է իրականացնում հիփոթեքային վարկավորմամբ կնքվող պայմանագրերում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սահմանվում է, որ այդ պայմանագրերը կարող են ներկայացվել իրավունքի պետական գրանցման՝ առանց նոտարական վավերացման:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով՝ փոփոխությունները միտված են լուծելու մի քանի կարևոր խնդիրներ: Առաջինը՝ հիփոթեքային վարկավորմամբ ՀՀ-ում գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող, սակայն Հայաստանից դուրս գտնվող անձինք առուվաճառքի պայմանագրերը կստորագրեն հեռավար եղանակով, ինչը հիմք կհանդիսանա իրավունքի պետական գրանցման համար:
«Հաջորդ խնդիրը միտված է անշարժ գույքի շուկայի զարգացմանը: Մենք, հետևողաբար զարգացնելով անշարժ գույքի շուկան, պարտավոր ենք ներդնել այնպիսի գործիքակազմեր, որոնք այսօր առկա են առաջադեմ շուկաներում, և որոնցից ներդրողները հաճախ օգտվում են»,- ընդգծել է զեկուցողը և կարևոր համարել այդ իմաստով նոր գործիքակազմի ներդնումը:
Նշվել է, որ օրենքի ընդունումից հետո Կառավարությունը կսահմանի պայմանագրի այնպիսի ձևանմուշ, որը հիմք կհանդիսանա բանկերի, վարկատուների, վարկառուների, գնորդների և վաճառողների միջև պայմանագրերի կնքման համար: