Air China ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռում, որը թռիչք էր կատարում Հանճոուից Սեուլ, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդել է Տելեգրամի Baza ալիքը։
Նախնական տվյալներով հրդեհի պատճառ է դարձել ուղևորներից մեկի արտաքին մարտկոցի (powerbank) բռնկումը։
Արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ՝ մոտ 10 կիլոմետր բարձրության վրա։ Հրդեհի աղբյուրը հայտնաբերվել է ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռի դարակի հատվածում, որտեղից ծուխն արագ սկսել է տարածվել ինքնաթիռի սրահում։
Ինքնաթիռի անձնակազմը որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել Շանհայ-Պուդունգ օդանավակայանում, իսկ բորտուղեկցորդուհիներին հաջողվել է մարել հրդեհը մինչև վայրէջքը։
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Թռիչքի վայրէջքից հետո օդանավը ենթարկվել է տեխնիկական ստուգման, իսկ միջադեպի հանգամանքները պարզում են չինական ավիացիոն ծառայությունները։