Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում մեկնարկել է Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի և 6 այլ երանելիների սրբադասման արարողությունը՝ Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ։ Արարողությանը մասնակցելու համար Սուրբ Աթոռ է ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես մանրամասնում է Vatican News-ը, Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման որոշումը, իր մահվանից շաբաթներ առաջ հաստատել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը, իսկ արարողության տարեթիվը որոշվել է Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ հրավիրված Կարդինալական ժողովի ընթացքում, որը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հունիսի 13-ին։
Միսիոներական համաշխարհային օրվա առիթով՝ հոկտեմբերի 19-ին, Հայոց ցեղասպանության նահատակ հայ արքեպիսկոպոսի հետ միասին սրբերի շարքին են դասվում 6 այլ երանելիներ՝ Պապուա Նոր Գվինեայից աշխարհական կրոնուսույց Փիթեր Տո Ռոթը, ով սպանվել է 1945-ին՝ ի հակառակ ճապոնացիների արգելքի իր կրոնական ծառայությունը շարունակելու համար, ինչպես նաև Վերոնայի Ողորմության Քույրերի հաստատության հիմնադիր Վինչենցա Մարիա Պոլոնին, Հիսուսի Աղախինների Միաբանության հիմնադիր Մարիա դել Մոնդե Կարմելո Ռենդիլես Մարտինեսը, Քրիստոնյաների Օգնական Մարիամի դուստրեր միաբանության անդամ Մարիա Տրոնքաթին, վենեսուելացի բժիշկ Խոսե Գրեգորիո Էրնանդես Չիզներոսը, ով անվճար բուժել է աղքատներին և Պոմպեյի Վարդարանի Տիրամոր սրբավայրի հիմնադիր Պարթոլո Լոնկոն։
Երանելի Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականի ապրիլի 19-ին, ներկայիս Թուրքիայի Մարդին քաղաքում։ Նա 14 տարեկանում մտել է Լիբանանի Զմմառի վանքի կղերական միաբանություն և ձեռնադրվել է 1896 թվականին՝ ստանալով Իգնատիոս անունը։
Ալեքսանդրիայում նա փայլել է իր քարոզներով՝ ինչպես արաբերեն, այնպես էլ թուրքերեն։ Այնուհետև նշանակվել է Կահիրեի Պատրիարքական փոխանորդ, բայց դրան հաջորդող տարում վերադարձել Ալեքսանդրիա՝ տեսողական խնդիրների պատճառով։ Իգնատիոս Մալոյանը 1911 թվականին նշանակվել է Մարդինի Պատրիարքական Փոխանորդ։
Հայոց ցեղասպանության ժամանակ նա ձերբակալվել է տասնյակ քրիստոնյաների հետ և բերվել դատարան:
Երբ նրան ասել են, որ կյանքը կարող են խնայել իսլամ ընդունելու պարագայում, Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը հայտարարել է. «Մենք երբեք անհավատարիմ չենք եղել պետությանը… բայց, եթե դուք մեզ խնդրում եք անհավատարիմ լինել մեր կրոնին, դա երբեք չի լինելու»:
Դրանից հետո նրան խոշտանգել են և կարճ ժամանակ անց մահապատժի ենթարկել։