Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները սույն թվականի հունիսի 12-ին հերթական չհայտարարված այցն են կատարել «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ՝ դիտարկելու պահվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմաններին, խնամքին և բուժմանը ծանոթանալու նպատակով աշխատակիցներն նաև առանձնազրույցներ են ունեցել հոգեթմրաբանական դիսպանսերի տնօրինության և պահվող անձանց հետ:
Այցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին, նրանց ընդունելու և պահելու ռեժիմներին ու ընթացակարգերին, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ հաղորդակցության և մի շարք այլ իրավունքների իրացման հարցերին:
Հարկ է նշել, որ նախորդ այցերի ընթացքում արձանագրված շենքային անբարենպաստ պայմանների, այդ թվում՝ ժամանցի և տեսակցությունների սենյակների բացակայության խնդիրը դեռևս մնում է չլուծված:
Շրջայցի ընթացքում վերհանված խնդիրները Պաշտպանը ներկայացնելու է պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկմանը: