Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ անզիջում պայքարի շրջանակներում ՀՀ քննչական կոեմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դրդելու, կազմակերպելու և օժանդակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ չորս մեղադրյալի մասով նախաքննությունը:
Քննությամբ տակտիկապես արդյունավետ պլանավորված և իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է հանցավոր շղթան՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, շրջանառությունը կազմակերպած, ինչպես նաև՝ իրացնողների և ձեռք բերողների շրջանակը, մեխանիզմը:
Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը և վերջինիս ընկերը, ով նույնպես Երևան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան, պայմանավորվածություն են ձեռք բերել միասին իրենց կողմից շահագործվող «Տելեգրամյան» հարթակի իրենց էջի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ:
27-ամյա երիտասարդը կապ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող ազգությամբ իրանցի իր ծանոթի հետ և վերջինիս բանկային քարտին գումար փոխանցելով՝ դրդել է ՀՀ պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ուղարկել առանձնապես խոշոր չափերի «Մարիխուանա» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:
ԻԻՀ քաղաքացին չպարզված հանգամանքներում ԻԻՀ-ում ձեռք է բերել չպարզված քանակության «Մարիխուանա» տեսակի և առանձնապես խոշոր չափերի՝ 48.78 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, փոխանցել է բեռնափոխադրում իրականացնող անձին, ով 2022 թվականի դեկտեմբերին, ՀՀ պետական սահմանի «Մեղրի» մաքսակետով անցկացնելով ՀՀ տարածք, նույն օրը Մեղրի-Կապան ավտոճանապարհին թմրամիջոցը փոխանցել է 27-ամյա երիտասարդին:
Վերջինս թմրամիջոցներն ստանալուց հետո 1.89 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը փոխանցել է երևանաբնակ իր ծանոթին, որի մի մասը ծխելու միջոցով գործածել են, իսկ մնացած մասը՝ 17.55 գրամը, պահել է իր մոտ, որն էլ հայտնաբերվել է վերջիններիս անձնական խուզարկությամբ։ Իսկ առանձնապես խոշոր չափերի՝ 48.78 գրամ հաստատուն քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի կողմից շահագործվող ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ:
Բացի այդ, նախաքննությամբ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ ԻԻՀ վերոհիշյալ քաղաքացին ԻԻՀ-ից թմրամիջոցների իրացման շուրջ հանցավոր համաձայնության է եկել նաև Երևան քաղաքի 31 և 33-ամյա բնակիչների հետ:
Ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ 31-ամյա տղամարդն իր ծանոթ, Երևան քաղաքում փաստացի բնակվող 33-ամյա տղամարդու հետ խմբի կազմում թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, կապ են հաստատել Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող ազգությամբ իրանցի նույն անձի հետ, վերջինիս նյութապես շահագրգռելով դրդել են ՀՀ պետական սահմանով մաքսանենգությամբ ուղարկել թմրամիջոցներ: ԻԻՀ քաղաքացին, չպարզված հանգամանքներում ձեռք է բերել քննությամբ դեռևս չպարզված քանակության «Մեթամֆետամին» և «Տետրոհիդրոկանաբինոլ» տեսակի թմրամիջոցներ, որոնք 2023թ․ փետրվարին, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, անցակացրել է ՀՀ պետական սահմանը և թաքցրել։ 31 և 33-ամյա տղամարդիկ վերցրել են նշված թմրամիջոցները, որոնք նախաքննության ընթացքում խուզարկությամբ հայտնաբերվել են 31-ամյա տղամարդու ավտոմեքենայում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 33 և 31-ամյա տղամարդկանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 46-399-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 29-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում, երկուսի նկատմամբ՝ տնային կալանք:
Չորս անձի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Հանցավոր շղթայում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ևս մեկ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: