Հետևեք մեզ։

ՄԻՊ-ը ուսումնասիրում է Գյումրիում քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու և մանկապարտեզների փակման տեղեկություններ

16:57, 20 հոկտեմբեր 2025
ՄԻՊ-ը ուսումնասիրում է Գյումրիում քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու և մանկապարտեզների փակման տեղեկություններ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 20-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Գյումրու քաղաքապետարանի դիմաց իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված։ 
 
Հրապարակումներ են շրջանառվել առ այն, որ քաղաքացիների նկատմամբ կիրառվել է առերևույթ անհամաչափ ուժ, մի խումբ անձինք տեղափոխվել են Ոստիկանության բաժին:
 
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Շիրակի մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը տվյալ պահին այց է իրականացնում Ոստիկանության համապատասխան բաժին՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
 
Բացի այդ՝ մշտադիտարկման արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ստեղծված իրավիճակի հետևանքով չի ապահովվել համայնքում գործող մի շարք մանկապարտեզների բնականոն աշխատանքը, ինչն իր ազդեցությունն է ունեցել երեխաների նախադպրցական կրթության իրավունքի վրա:
 
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ նշված և ցանկացած այլ գործընթացներում անհրաժեշտ է առաջնորդվել բացառապես երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքով:
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայումս ուսումնասիրում է շրջանառվող բոլոր տեղեկությունները՝ իր մանդատի շրջանակներում համապատասխան արձագանք ապահովելու նպատակով

Վերլուծական