Հետևեք մեզ։

Փաստաբանների պալատը դատապարտում է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում

13:18, 22 հոկտեմբեր 2025
Փաստաբանների պալատը դատապարտում է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում
ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը քննարկել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և կալանավորման հարցը:
 
Հանձնաժողովը, նախ, խիստ մտահոգիչ է համարում տեղեկատվության հրապարակային աղբյուրներում առկա տվյալները՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ կիրառված անհամաչափ ուժի վերաբերյալ:
 
Հանձնաժողովը հիշեցնում է՝ Փաստաբանի հեղինակությանը չվնասելու հարցում առանձնակի հոգատարությունն անհրաժեշտ պայման է անձանց իրավունքների պաշտպանվածության պատշաճ միջավայր ապահովելու համար:
Եվրոպական դատարանի կայուն դիրքորոշման համաձայն՝
☑️ վիրավորանքի կամ քննադատության համար ազատությունից զրկումն անթույլատրելի է,
☑️նման ներգործությունը համարվում է անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոց,
☑️պետությունները պարտավոր են ընտրել միայն քաղաքացիական կամ ոչ քրեական պատասխանատվության ձևեր նման դեպքերում։
Ընդհանրացնելով վերը նշված դիրքորոշումները և դիտարկելով դրանք Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ պետության դրսևորած արձագանքի համատեքստում՝ կարելի է հստակ արձանագրել հետևյալը.
☑️ Վերագրվող փաստերը և Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբան հանդիսանալու հանգամանքը հաշվի առնելով՝ վերջինիս նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցներն անհամաչափ և ոչ անհրաժեշտ միջոցներ են:
 
Ալեքսանդր Կոչուբաևին վերագրվող փաստերի առանձնահատկությամբ պայմանավորված վերջինիս փաստաբանական գրասենյակի, ավտոմեքենայի և բնակարանի խուզարկությունը ՄԻԵԿ 8-րդ հոդվածի իմաստով անհամաչափ և նույնիսկ վիրավորական միջամտություն են:
☑️Պետության ներկայիս գործելաոճը չի բխում ժողովրդավարական հասարակության շահերից։
Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝
 
ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է արտահայտված խոսքի կապակցությամբ փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում, առավել ևս՝ իրավունքների սահմանափակման այնպիսի բացառիկ միջոցի կիրառում, ինչպիսին կալանավորումն է,
 
ՀՈՐԴՈՐՈՒՄ Է վարույթի հանրային մասնակիցներից և ազատությունից զրկելու թույլատրելիությունը քննարկող դատարաններից փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս կամ կիրառելիս հաշվի առնել նրա՝ որպես փաստաբանի կարգավիճակից բխող առանձնահատկությունները,
 
ՊԱՀԱՆՋՈՒՄ Է իրավասու մարմիններին քննության ենթարկել Ալեքսանդր Կոչուբաևին վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու գործողության ժամանակ անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ տեղեկությունները և իշխանազանցություն թույլ տված պաշտոնատար անձանց ենթարկել համարժեք պատասխանատվության,
 
ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին պատկանող հեռախոսը և դյուրակիր համակարգիչը ողջամտորեն կարող են պարունակել իր վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո,
 
ՊԱՀԱՆՋՈՒՄ Է քրեական վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից, այդ թվում՝ Ալեքսանդր Կոչուբաևի հեռախոսի և դյուրակիր համակարգչի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց, և վերադարձնել դրանք:

Վերլուծական