Ռիչարդ Նիքսոնի հիմնադրամը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Խաղաղության ճարտարապետ» մրցանակի է արժանացրել 2025-2026 թվականների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մրցանակի շնորհման տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
Նիքսոնի ընտանիքի անդամները և Նիքսոնի հիմնադրամի կառավարման նախագահ, դեսպան Ռոբերտ Քոբրիենը հոկտեմբերի 21-ին մրցանակը նախագահ Թրամփին են հանձնել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ։
«Նախագահ Թրամփի՝ «Ամենից առաջ Ամերիկան» արտաքին քաղաքականությունը հիմնված է ակտիվ անձնական դիվանագիտության վրա՝ ուժի միջոցով խաղաղության փիլիսոփայություն զուգակցությամբ։ Արդյունքները պարզապես անհավանական են հրադադարների և հաշտության համաձայնագրերի քանակի տեսակետից, որոնց նա հասել է ամբողջ աշխարհում», - ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Հիմնադրամը նշել է Թրամփի հետևյալ արտաքին քաղաքական ձեռքբերումները՝ միջնորդությունը հարևանների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման նպատակով Աբրահամյան համաձայնագրերի կնքման հարցում, Պարսից ծոցի ճգնաժամի կարգավորումը, Սերբիայի և Կոսովոյի միջև տնտեսական կարգավորումը, Թաիլանդի և Կամբոջայի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Հնդկաստանի և Պակիստանի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ջանքերը։
Հիմնադրամն առանձնացնում է Գազայի հատվածում հաշտության համաձայնագրի կնքումը, որով վերադարձվել են բոլոր ողջ մնացած իսրայելցի պատանդները և Մերձավոր Արևելքում կայուն կարգավորման համար հիմքեր են ստեղծվել։
«Խաղաղության ճարտարապետ» մրցանակը շնորհվում է 1995 թվականից՝ նախագահ Նիքսոնի մահվանից հետո։
Թրամփը բազմիցս հայտարարել էր այն մասին, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի, սակայն այն շնորհվել է վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ նախագահն օրեր առաջ Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ դափնեկիրն անձամբ զանգահարել է իրեն և հայտարարել, որ պարգևն ընդունում է իր պատվին, քանի որ հենց Թրամփն էր արժանի այդ մրցանակին։