Հետևեք մեզ։

Չվնասելը մորս կյանքի փիլիսոփայությունն էր․ Նազենի Հովհաննիսյանը պատմել է իր մայրիկի մասին

14:21, 14 հունիս 2023
Չվնասելը մորս կյանքի փիլիսոփայությունն էր․ Նազենի Հովհաննիսյանը պատմել է իր մայրիկի մասին
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է․ 
 
«Մոլոր տարիների հորձանուտում՝ այս օրը, հունիսի 14-ին, ծնվեց Մայրս: Երևի շատ սիրուն էր օրն այդ՝ 1950 թ-ին, լույսով ու մանկական պարզությամբ լի մի օր, որովհետև այդպիսին էր Մայրս:
Նոր սերունդը չի էլ պատկերացնում՝ ոնց կարող է չունենալ իր ծնողի հետ լուսանկար, բայց տարիներ առաջ չկար ամեն վայրկյանը անմահացնող լուս. ապարատը կամ ձեռքին ներաճած հեռախոսը...
ու 12 տարի առաջ հեռացած Մայրիկիս հետ ես գրեթե չունեմ նկար, չունենք մեր միասին ապրածի պատկերները(...սրտումս ամբարած անսահման սերն է միայն, որ դրոշմել եմ հիշողությանս մեջ:
Վարսերը...Մեղրածոր ու գեղեցիկ հայերենը... Հայկական հին ռոմանսների նրա մաշմշված գիրքը, որը սուրբ-սուրբ արած պահում եմ մասունքի նման... Ջրի նման կենարար՝ նրա ՍԵՐԸ, որն անպարագիծ էր:
«Մայրերի ափի մեջ է պետք փնտրել ազգերի ճակատագիրը»,- ասում էր մեծն Նժդեհը...
Մայրս հենց այդ ՝ ափեափ լեցուն Հայրենիքս էր, Հավատքս ու Նկարագիրս:
Մահից հետո, երբ իմ տուն բերեցի նրանից մնացած գրքերը՝ ամեն մեկի ներսում նրան անվանապես մակագրված՝ տարբեր հեղինակների կողմից հիացական խոսքեր էին:
Սեր էր էլի... Լեզվի ու գրականության քայլող սեր! Լյուդվիգ Դուրյանի գրքերն անձնապես մակարգված... զարմանում էր, երբ երիտասարդները չէին ճանաչում մեծերին:
Մարդասեր էր.
Մի օր եկավ տուն, ասում է՝
երթուղայինում մի եղբայր ասաց՝ քույրիկ ջան, տվեք ձեր պայուսակը պահեմ, մեկ էլ ասում է՝ նկատեցի, որ ձեռքը մտցրել է պայուսակիս գրպանի մեջ, որ գումար գողանա։
Ասել է.
-Եղբայր ջան, շնորհակալ եմ շատ...
Վերցրել է պայուսակը, վճարել գողի փոխարեն էլ ու իր կանգառից շուտ իջել....
 
ՉՎՆԱՍԵԼ:
Մորս կյանքի փիլիսոփայությունն էր ՉՎՆԱՍԵԼ,
 
ՄԻԱՅՆ ՕԳՆԵԼ
ու երբեք վատը չխոսել,
կամ լավը, կամ՝ ոչինչ...
մի բառ ուներ միայն վատը բնորոշելու համար. ասում էր՝ լղոզվող տիպար է:
ԼՂՈԶՎՈՂ))) ավելի բնորոշ չէր էլ լինի նկարագրել ոմանց....
 
...ասում էր ու հեռու մնում լղոզվողներից...
Մայրս իմ ամեն շնչում կա, իմ բոլոր բարի գործերում, տվածս բանախոսություններում և վարած համերգների ոգևորող խոսքի մեջ, մեր տան հյուրասիրության և հյուրերի ժպիտներում է:
 
Իմ քույրերի Մեծ ու տաք սրտերում է մայրս, մեր՝ ակնթարթում արցունքվող աչքերում ու կնճիռներում թաքնված ցավերի մեջ անգամ,
Մայրս ԼՈՒՅՍԻ մոլորակ է. մշտնջենական, հարատև, Աստվածօրհնյալ:
Կուզեի գրկել Մայրերին ու պաշտպանել էս չար աշխարհից:
ՄԱՅՐԸ... աշխարհի Սերն է՝ Աստծո պարգև:
 
 
Ես գիտեմ, որ յուրաքանչյուրն իր սրտում էնքան բան ունի ասելու, որ հաճախ չեն էլ կարողանում ընտրել, թե որն ասեն, կամ ինչպես՜ ասեն...
ես էլ եմ աղքատանում, երբ Մայրիկիս մասին եմ ուզում գրել, չեն հերիքում բառերը, զգացածս գունեղ է, գրածս՝ գունատ...
էսպես, դրվագաբար իմ պատմությունն եմ հյուսում, հուսալով երկար պահել Նրա պատկերն իմ գիտակցության մեջ ու սրտում:
Դուք էլ պատմեք ձեր մայրերի մասին, Սիրո գույնն են նրանք, պատմեք, թող էս աշխարհի գորշը վերանա ու մնա Լույսը՝ Մայրական սիրո ու ներումի»: