Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին, այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները։
«Գործարանի ևս 10 աշխատակցի գտնվելու վայրը պարզվում է։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է որոնողական աշխատանքները դեպքի վայրում»,- հայտնել է Չելյաբինսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Տեքսլերը։
Ավելի վաղ տեղի իշխանությունները հայտնել էին 10 մահվան դեպքի մասին։ Պայթյունը և հրդեհը տեղի են ունեցել «Պլաստմասս» գործարանում, որը «Ռոստեխ» պետական կորպորացիայի մաս է։
«Ռոստեխ»-ի կայքում նշված է, որ «Պլաստմասս» առաջատար գործարանը ժամանակակից արդյունաբերական պայթուցիկ նյութեր արտադրողներից մեկն է։
Իշխանությունները չեն բացահայտել գործարանում պայթյունի պատճառը։ Նահանգապետը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին խոսք չկա։