Հետևեք մեզ։

Դրանք հեռահար կրակոցներ են, մանրամասներին չեմ տիրապետում. պաշտպանության փոխնախարարը՝ Երասխում տեղի ունեցածի մասին

15:12, 14 հունիս 2023
Դրանք հեռահար կրակոցներ են, մանրամասներին չեմ տիրապետում. պաշտպանության փոխնախարարը՝ Երասխում տեղի ունեցածի մասին

Սրանից շուրջ երեսուն րոպե առաջվա դրությամբ և այս պահին ևս իրավիճակը հարաբերական կայուն է, այսինքն՝ այս պահին որևէ զինատեսակից կրակոցներ չկան։ Թե թիրախավորվել են կոնկրետ այդ քաղաքացիներին, թե տվյալ այդ գործարանը կամ ինչ-որ տեխնիկա, որի արդյունքում վնասվել են այդ քաղաքացիները, դա կպարզվի հետագայում, որի մասին մենք լրացուցիչ հաղորդագրությամբ հանդես կգանք։

 

Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով այսօր Երասխի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից մետալուրգիական գործարանի թիրախավորման դեպքին, ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

 

Նա նշեց, որ կրակոցներից վիրավորված երկու քաղաքացիները ազգությամբ հնդիկ են։

 

«Չեմ կարող ասել՝ սա լայնածավալ գործողությունների վերածվելու, թե ինչ-որ էսկալացիային ուղղված քայլեր են, բայց որ սա չի նպաստում բանակցային գործընթացի դրական ընթացքին և բացասական հետևանքներ է առաջացնում, դա ակներև է»,-ասաց Արման Սարգսյանը։

 

Հարցին՝ Երասխում առաջ գալու միտում ունեցե՞լ են ադրբեջանցիները, փոխնախարարն ասաց՝ ինքը մանրամասներին չի տիրապետում, բայց կարող է ասել, որ դրանք հեռահար կրակոցներ են, և որևէ քայլ տեղի չի ունեցել։

 

«Ամեն դեպքում, խուճապի որևէ կարիք չկա, որովհետև մենք ապրում ենք մի տարածաշրջանում, մի երկրում, որ անընդհատ սովորել ենք այս լարված իրավիճակում ապրելուն։ Պետք է լինենք զգոն ևվստահ, որ մեր զինված ուժերը և յուրային ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան տալիս են ու կտան, սակայն ցանկալի չէ սրել»,-ասաց Արման Սարգսյանը՝ հույս ունենալով, որ այս ապակառուցողական մոտեցումը ադրբեջանական զինուժի կողմից վերջ կունենա։