ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ․
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը պարբերաբար համացանցում մշտադիտարկումներ է անցկացնում, որի արդյունքում հայտնաբերվել են սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից բանակին օգնելու պատրվակով քաղաքացիների շրջանում իրականացված դրամահավաքի դեպքեր։
Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Զ.Ս.-ն 2022-2023 թթ-ի ընթացքում իր ֆեյսբուքյան էջի միջոցով իրականացրել է դրամահավաք՝ քաղաքացիներից հավաքելով 500.000-1.000.000 ՀՀ դրամ գումար, որի զգալի մասն առերևույթ յուրացրել է:
Մեկ այլ ֆեյսբուքյան օգտատեր՝ Է.Ս.-ն, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով բանկային հաշվեհամարներ, ինչպես ՀՀ քաղաքացիներից, այնպես էլ արտերկրում բնակվող անձանցից հավաքագրել է մոտ 300.000 ԱՄՆ դոլար գումար՝ իբր բանակի համար անհրաժեշտ պարագաներ պատրաստելու և նվիրաբերելու նպատակով։ Մինչդեռ պարզվել է, որ նշված գումարի մեծ մասն առերևույթ յուրացրել է:
Նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի հատկանիշներով (խարդախություն) նախաձեռնվել են քրեական վարույթներ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը շարունակում է հետևողական աշխատանքներ իրականացնել` ՀՀ զինված ուժերին օժանդակության պատրվակով, անձնական շահագրգռություններից ելնելով, հակաիրավական և հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու, նման դեպքերին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ՀՀ զինված ուժերի բարի համբավին և հեղինակությանը վնասելուն, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներին մոլորության մեջ գցելուն ուղղված ցանկացած գործողությունից:
Միաժամանակ օրինապահ քաղաքացիներին կոչ ենք անում նմանատիպ գործունեությամբ զբաղվող անձանց կամ սոցիալական ցանցերի օգտատերերի մասին տեղեկություններ ունենալու դեպքում այդ մասին անմիջապես տեղեկացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը կամ ցանկացած իրավապահ մարմնի։
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: