Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը, Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը, եթե ցանկանում է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու, պետք է լրջորեն ուշադրություն դարձնի ներքին ժողովրդավարական և իրավական խնդիրներին։
Նա ընդգծել է, որ խոսքը Թուրքիայի հետ սահմանների բացման մասին չէ, այլ Հայաստանի ներսում տեղի ունեցող իրադարձությունների։
«Ես այստեղ չեմ եկել ձեզ դատելու համար, բայց տեսնում ենք, թե ինչպես են 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում միայն իրենց արտահայտած կարծիքի համար։ Եթե դա կաշառքի կամ հանցանքի հետ կապված է՝ այլ բան, բայց կարծիքի համար մարդկանց ձերբակալելը անընդունելի է», – նշել է պատգամավորը։
Սանչես Ամորը հավելել է, որ ԵՄ-ն շատ լավ գիտի՝ ինչ է կատարվում Հայաստանում։ «Ժողովրդավարական երկրում անգամ մեկ անձ չպետք է բանտարկվի իր կարծիքի համար։ Եթե ուզում եք մոտենալ ԵՄ-ին, չպետք է նման կերպ վարվել։ Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներկայանա դատարան, բայց միայն արտահայտած կարծիքի հիման վրա նրան վտանգավոր համարելն անընդունելի է», – նշել է նա։
Նա նաև անդրադարձել է Հայաստանի իրավական համակարգին՝ նշելով, որ այն դեռ կրում է խորհրդային անցյալից եկած ժառանգություն։
«Հասկանալի է, որ Հայաստանի արդարադատության նախարարը փորձում է պայքարել այդ պատմական մնացուկների դեմ։ Սակայն դեռ պահպանվել է այն մոտեցումը, որ նախ մարդուն պետք է ուղարկել բանտ, հետո պարզել՝ արդյոք նա մեղավոր է։ Մենք խորությամբ ուսումնասիրել ենք նման դեպքերը և կոչ ենք անում լինել զգոն ու զգուշավոր», – ասել է եվրոպացի պատգամավորը։