Հետևեք մեզ։

Խաղողի «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի մթերում իրականացնող տնտեսվարողներին Կառավարությունն աջակցություն կտրամադրի

13:32, 30 հոկտեմբեր 2025
Խաղողի «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի մթերում իրականացնող տնտեսվարողներին Կառավարությունն աջակցություն կտրամադրի

Առաջարկվում է աջակցություն ցուցաբերել Վայոց ձորի մարզում 2025 թվականի խաղողագործների կողմից արտադրված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի իրացման հարցում: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հոկտեմբերի 30-ի նիստին ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Ինչպես միջազգային շուկայում, այնպես էլ Հայաստանում, ըստ նախարարի տեղակալի, գինու սպառման որոշակի նվազման միտում է նկատվում, որի արդյունքում մնացել են նախորդ տարվա պատրաստի արտադրանքի մնացորդներ: Այս հանգամանքով պայմանավորված՝ նվազել է խաղողի Արենի և Ոսկեհատ սորտերի նկատմամբ պահանջարկը: 

 

«Ընթացիկ տարում Վայոց ձորի մարզում «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի համախառն բերքը գնահատվում է 5500 տոննա, որից սեփական կարիքների համար օգտագործման և գինու արտադրության նպատակով կնքված պայմանագրի շրջանակներում մթերման ծավալը կազմել է 3400 տոննա, և անհրաժեշտություն է առաջացել աջակցել շուրջ 2100 տոննա «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի իրացմանը: Իրացման խնդիրը առաջարկվում է լուծել 2100 տոննա «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի հումքով սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով:

Նախագծով առաջարկվում է 2025 թվականին Վայոց ձորի մարզում արտադրված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի մթերումներն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն հետևյալ պայմաններով. առնվազն 700 և ավելի քանակությունը նվազագույնը 220 դրամով մթերված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կգ-ի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում»,- ասաց նա:

Վերլուծական